Թագավորը մերկ է ու… ցեխոտ. Միջազգային մամուլի տեսություն
Նմանատիպ
Իսպանացիները ցեխ են շպրտել Ֆիլիպ VI-ի ուղղությամբ։ Թագավորն այցելել էր աղետի վայր՝ տեղում ծանոթանալու աննախադեպ ջրհեղեղի հետևանքներին։ Քաղաքացիների ցասումից բաժին է հասել նաև Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին և Վալենսիայի նահանգապետ Կարլոս Մասոնին։ Իսպանիայի իշխանությունները ստիպված են եղել դադարեղնել իրենց այցն աղետի գոտի։ Ավելի ուշ թագավորը հայտարարել է, որ հասկանում է քաղաքացիներին պատած զայրույթն ու հիասթափությունը։
EL Pais. Ուղղորդվող վրդովմունք
Մադրիդյան El País-ը թագավորի և Իսպանիայի ղեկավարության դեմ ուղղված այս հարձակումների ետևում քաղաքական ուղղորդում է տեսնում է. «Մարդկանց վրդովմունքը հասկանալի է… Իսկ ահա բռնությունը՝ ոչ։ Դրա առիթ տվողները այն մարդիկ են, ովքեր օգտագործում են ուրիշների ցավը՝ իրենց պոպուլիստական ռազմավարությունն առաջ մղելու համար, որն ուղղված է մեր իրավական պետության դեմ։ … Պետք է հարց բարձրացնել՝ արդյո՞ք ճիշտ էր պետության ներկայացուցիչների այցը աղետի վայր։ Բայց եթե իշխանությունը հեռու մնար ողբերգության վայրից, դա նույնպես կքննադատվեր։ Տեղեում, մարդիկ գրեթե մեկ շաբաթ զգում են, որ իշխանությունը չի կարողանում հաղթահարել իրավիճակը՝ այն դեպքում, երբ մարզային կառավարությունը նախապես չի զգուշացրել բնակիչներին սպառնացող վտանգի մասին։ … Միայն պետությունն է ի զորու շտկել իրավիճակը։ … Եվ արդյունավետությունը՝ լավագույն գովազդն է ժողովրդավարության համար։ … Սակայն միայն արդյունավետությունը բավարար չի լինի, եթե ատելություն բորբոքողներին դեմը չառնվի»։
La Repubblica. Մերկ միապետը
«Այս կադրերը փոխելու են երկիրը», – կանխատեսում է Հռոմի La Repubblica-ն։ «Թագավորը, որը Իսպանիայում միշտ եղել է իշխանության էմոցիոնալ խորհրդանիշ, մերկ է ու ծածկված ցեխով։ … Հայտնվելով այս դժոխքում՝ նա հանկարծ հասկանում է, որ այն հինգ օրվա բորբոքված զայրույթի թիրախը, որն ապրում են աղետից տուժած մարդիկ, դառնում է հենց իշխանության հեղինակությունը։ Ցեխի մեջ խեղդված մարդկանց պատասխանը նույն ցեխով է տրվում։ … Այս տեսարանը հավերժ կմնա հիշողության մեջ, և այն կմտնի այս երկրի պատմության մեջ, որը հիմա ստիպված կլինի դատական գնահատման ենթարկել իր ինստիտուտները և դրանց գործողությունների համապատասխանությունը»։
Նախագահական ընտրություններ Մոլդովայում
Մոլդովայում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է երկրի գործող նախագահ Մայա Սանդուն։ Ընտրությունների երկրորդ փուլում եվրոպամետ կողմնորոշմամբ երկրի ղեկավարն առաջ անցավ իր ռուսամետ մրցակից Ալեքսանդր Ստոյանոգլոյից՝ ընդամենը մեկ տասներորդ տոկոսով։ Հոկտեմբերի 20-ին նախագահական ընտրությունների առաջին փուլի հետ միաժամանակ անցկացված հանրաքվեի արդյունքում, քաղաքացիների մեծամասնությունը՝ թեկուզ և նվազագույն առավելությամբ, հանդես եկավ երկրի Սահմանադրությունում Եվրամիությանը միանալու անփոփոխ նպատակ ամրագրելու դրույթով։ Վերլուծաբանները մտահոգությամբ նշում են այն փաստը, որ երկիրը կիսված է երկու մասի՝ եվրոպամետերի և ռուսամետերի։
La Croix. ԵՄ-ն չպետք է հանձնվի
Այն փաստը, որ ԵՄ-ի կողմնակիցները հանրաքվեում և նախագահական ընտրություններում հաղթել են ընդամենը փոքր առավելությամբ, պետք է ԵՄ-ին ստիպի մտածել, – զգուշացնում է փարիզյան La Croix-ը։ «Սա ցույց է տալիս, թե որքան հեշտությամբ կարող են եվրոպական հեռանկարով արթնացած հույսերը բախվել դաժան առօրյայի իրականությանը և Մոսկվայից ղեկավարվող ապատեղեկատվությանը։ … Եվրոպայի աջակցությունը Կիևին չի նվազում, սակայն այն դեռևս բավարար չէ հաղթանակի համար։ Արևմուտքից դեպի արևելք ամբողջ մայրցամաքով անցած երկամյա համերաշխության ալիքից հետո կասկածներն ու հոգնածությունը գերակշռեցին։ … Սակայն Եվրոպական միությունը չպետք է նահանջի։ … Մեր ժողովրդավարությունների ապագան դեռ որոշվում է այդ հեռավոր տարածաշրջաններում, որոնք դիմակայում են ռուսական կայսրությանը։ Դիմադրությունը պետք է լինի ամուր և վճռական»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում