ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու. «Ժողովուրդ»

ՔՊ-ականներից ովքե՞ր են մեկնելու Անգլիա` ֆուտբոլ դիտելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականները պատրաստվում են մեկնել Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու։

ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանը, Սիսակ Գաբրիելյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը եւ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը պատրաստվում են մեկնել Լոնդոն՝ ներկա լինելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուր «Չելսի»-«Նոա» հանդիպմանը, որը նախատեսված է նոյեմբերի 7-ին՝ հինգշաբթի՝ Երեւանի ժամանակով 00։00-ին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նրանցից հետաքրքրվել՝ արդյոք սեփակա՞ն միջոցներով են մեկնելու Անգլիա՝ ֆուտբոլ դիտելու, թե՞ պետբյուջեի հաշվին:

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի մամուլի խոսնակը, մեր հարցին ի պատասխան, հաստատեց, որ նախարարը արձակուրդում է և ներկա է լինելու խաղին, սակայն ամեն բան կազմակերպում է սեփական միջոցներով:

ՔՊ խմբակցության պատգամավորներ Հրաչ Հակոբյանն ու Սիսակ Գաբրիելյանը երեկ մեր զանգերին եւ նամակներին չպատասխանեցին:

Նշենք, որ հատկապես Սիսակ Գաբրիելյանը, կարծես թե, ֆուտբոլի մեծ սիրահար է, նա հաճախ է գործուղվում այս կամ այն երկիր, երբ այդ երկրում կայանալու է կարեւոր ֆուտբոլային հանդիպում: Օրինակ, այս ամռանը՝ հունիս ամսին, նա պատվիրակության կազմով գործուղվել էր Գերմանիա հենց այն ժամանակահատվածում, երբ այդ երկրում Եվրոպայի աշխարհի ֆուտբոլի առաջնությունն էր ընթանում:

Աշխատանքային այցով Գերմանիա մեկնած Սիսակ Գաբրիելյանը նաեւ իր ժամանցն էր անցկացրել այնտեղ: Նա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, Գերմանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ Գերմանիայի Լայպցիգ քաղաքի մարզադաշտում Եվրո-2024-ի խմբային մրցաշարի՝ Ֆրանսիա-Նիդեռլանդներ ֆուտբոլային հանդիպմանն էր նաեւ ներկա եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում