Երևանում հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել

Երևանում հովանավորչության առաջարկը մերժած տնօրենին ծեծել են ու թալանել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի Աջափնյակ թաղամասում հաշվառված 40-ամյա տղամարդը մի խումբ անձանց հետ նոյեմբերի 1-ին, ժամը 19-ի սահմաններում, այցելել է մայրաքաղաքի Շիրակի փողոցում գործող սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տարածք և տնօրենին առաջարկել ընկերության նկատմամբ հովանավորչություն իրականացնելու դիմաց իրենց տալ ամսական վարձատրություն։

Տնօրենը հրաժարվել է, ինչից հետո 40-ամյա տղամարդն ու հետը եկած անձինք ծեծի են ենթարկել նրան, աշխատասենյակի չհրկիզվող պահարանից հափշտակել երկուսուկես միլիոն դրամ և հեռացել։ Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով 40-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա` Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։

Նախաձեռնվել է քրեական վարույթ` մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով ավազակության հատկանիշներով:

40-ամյա տղամարդուն առաջադրվել է մեղադրանք, դատարանի որոշմամբ նա կալանավորվել է։ Պարզվել է նաև մյուս մասնակիցների ինքնությունը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում