Ի՞նչ անել՝ հետագա խնդիրներից խուսափելու և լավ գործընկեր գտնելու համար
Նմանատիպ
«Հայկական մեծ բիզնեսները հիմնականում ընկերներով են սկսում»,-ասում է «Մանթաշյանց» գործարարների ակումբի համահիմնադիր, նախագահ Վահրամ Միրաքյանը։ Միրաքյանը խորհուրդ է տալիս բիզնես սկսելուց առաջ պայմանագիր կնքել որքան էլ մանկության ընկերներ լինեն, որքան էլ ամաչեն իրարից, քանի որ հետո ավելի շատ են ամաչելու, երբ խնդիրներ ունենան։
Թե ինչո՞ւ Հայաստանում հաճախ գործընկերությունը բիզնեսում չի ստացվում, Վահրամ Միրաքյանն անդրադառնում է հիմնական պատճառներին։ Ամենատարածված խնդիրներից մեկը աշխատանքի բաժանումն է, որը կարող է հանգեցնել ընկերների վիճելուն կամ բիզնեսների «պայթելուն»։ «Խնդիրները հիմնականում առաջանում են այն ժամանակ, երբ բիզնես սկսելուց առաջ յուրաքանչյուրն ունենում է իր պատկերացումները և խոսակցության սկզբում տարբեր պատճառներով չի կիսվում դրանց մասին՝ մոռանում է կամ անհարմար է զգում։ Հետո, երբ գալիս է իրական աշխատելու ժամանակը, պատկերացումներն արդեն արտահայտվում են իրական աշխատանքում, սկսում են խնդիրներ առաջանալ։ Օրինակ՝ կողմերից մեկը մտածում է, որ աշխատանքի 30 տոկոսն ինքն է անում, բայց մյուս կողմը մտածում է, որ ոչ՝ 50 տոկոս պետք է անի»։
Ի՞նչ անել այդ խնդիրներից խուսափելու համար՝ Միրաքյանն առաջարկում է երկու կետ։ Առաջին՝ պատկերացնել մի իրավիճակ, հասկանալ և ընդունել, որ միշտ ցանկացած իրավիճակում գործընկերներից մեկն ավելի շատ է աշխատելու, քան մյուսը և պետք է այդ իրավիճակի հետ հաշտվել, շարունակել գործել։
Երկրորդ՝ ֆիքսել պայմանագիր, բայց ոչ նրա համար, որ խնդիր լինելու դեպքում իրավաբանական լուծում տրվի հարցին, այլ նրա համար, որ գրվի բոլորի մտադրությունների, նպատակների, ծրագրերի մասին։ Պայմանագիրն այդ տեսանկյունից շատ կարևոր է։ Թղթի վրա ֆիքսելուց հետո երկուսով պետք է կետ առ կետ անցնեն կետերի վրայով, որպեսզի հասկանան, թե ով ինչ մտադրություն ունի, ինչ նպատակ ունի, ինչ պարտականություն ունի, ինչ պարտավորություններ ունի, ինչպես պետք է անել խնդիրների դեպքում, ինչպես իրարից կբաժանվեն նման դեպքում, ինչպես է ընկերությունը վաճառվելու խնդիրների դեպքում, ինչպես նաև՝ հաջողության դեպքում։
«Այս 2 հիմնական կետերն են, որ կարևոր են բիզնես սկսելուց առաջ»,- շեշտում է Միրաքյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում