Թուրքիան խզել է հարաբերություններն Իսրայելի հետ
Նմանատիպ
«Մենք՝ որպես Թուրքիայի հանրապետություն, խզել ենք հարաբերություններն Իսրայելի հետ»,-РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Էրդողանը հավելել է, որ Անկարան ոչ մի քայլ չի ձեռնարկում համագործակցությունն ապագայում զարգացնելու համար:
Ըստ պարբերականի՝ 2023 թվականի հոկտեմբերին, Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի գործողության հենց սկզբից Թուրքիան դատապարտել է Թել Ավիվի գործողությունները։ Նրան մեղադրել է խաղաղ պաղեստինցիների զանգվածային սպանության մեջ։ Թուրքիան բազմիցս կոչ է արել դադարեցնել կրակը, ինչպես նաև ճնշում է գործադրել հրեական պետության վրա։
Որպես տույժ՝ Թուրքիայի առևտրի նախարարությունը մայիս ամսին հայտարարել էր Իսրայելի հետ ապրանքաշրջանառության ամբողջական դադարեցման մասին, իսկ մինչ այդ Անկարան սահմանափակել էր ապրանքների 54 ենթախմբերի արտահանումը, բայց ՑԱԽԱԼ-ը Գազայում շարունակել էր ռազմական գործողությունները։
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահույին բազմիցս քննադատել են Թուրքիայում։ Այս տարվա հուլիսին ԱՄՆ Կոնգրեսում նրա ելույթից հետո Էրդողանն Իսրայելի կառավարության ղեկավարին անվանել է «մսագործ, որի ձեռքին Գազայի 150 հազար բնակիչների արյունն է»: Ավելի վաղ նա նաև Նեթանյահույին անվանել էր «ժամանակակից ֆյուրեր», ընդգծել, որ Արևմուտքն անտեսում է նրա հանցագործությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում