Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին հարկադրաբար կներկայացնեն դատարան
Նմանատիպ
Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր շարունակվում էր «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստը։ Նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը չէին ներկայացել։ Դատական նիստին ներկա էր մեղադրյալներից միայն Արմեն Գևորգյանը։
Նիստը նախագահող Սարգիս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի որոշմամբ քրեական գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնեն ՀՀ Հակակոռուպցիոն դատարան՝ կայանալիք հերթական դատական նիստին նրանց մասնակցությունը ապահովելու նպատակով։
Որոշման կայացումը հանձնարարվեց ՀՀ ոստիկանապետին։
Հիշեցնենք, որ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։
Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում