ՏՏ ոլորտում մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր. ՀՀ վարչապետ

Տեղեկատվական ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Դիլիջանում մեկնարկած ամենամյա Բիզնես ինովացիոն 2-րդ ֆորումի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով՝ ներկայում իրականացվում են բազմաթիվ հեռանկարային ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանում ժամանակակից ինովացիոն ենթակառուցվածքների` հետազոտական, կրթական կենտրոնների, տեխնոպարկերի, լաբորատորիաների, աքսելերատորների ձևավորմանն ու զարգացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջընթացը խթանող ֆինանսական ենթակառուցվածքների ներդրմանը: «Մասնավորապես, վենչուրային հիմնադրամի արդյունավետ գործունեության ապահովմանը և Նորարարության զարգացման համաֆինանսավորման դրամաշնորհների տրամադրմանը: Այսօր դժվար է պատկերացնել հասարակական հարաբերությունների, տնտեսության, գիտության որևէ բն ագավառ, որտեղ բարձր տեխնոլոգիաները վճռորոշ դերակատարում չունենան: Տարբեր ասպարեզներում բարեփոխում իրականացնելիս անպայմանորեն հաշվի են առնվում տեխնոլոգիական ոլորտի առաջարկվող լուծումներն ու արտադրանքը, որոնց շնորհիվ միայն հնարավոր է բարձրացնել արտադրողականությունը և մրցունակությունը»,- ասաց կառավարության ղեկավարը:

Վարչապետի դիտարկմամբ՝ ֆորումը լայն հնարավորություն է ընձեռում մասնակիցներին` ծանոթանալու բիզնեսում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների կիրառման միջազգային փորձին, ինչը կխթանի նոր շուկաների նվաճման, վաճառքի ծավալների մեծացման, սպասարկման և արտադրանքի որակի կտրուկ բարձրացմանն ուղղված գործընթացները: Հովիկ Աբրահամյանը վստահություն հայտնեց, որ այսպիսի համաժողովների շնորհիվ պետության և մասնավոր հատվածի միջև ձևավորվող երկխոսությունն ու գործընկերային հարաբերությունները հիմք են ստեղծում տնտեսության զարգացման և երկրի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման համար:

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանի խոսքով՝ բիզնես ինովացիոն ֆորումն անցկացվում է «2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորար երկրների շարքում» նշանաբանով և նվիրված է տեխնոլոգիական կրթության և ձեռներեցության հիմնախնդիրներին: Ֆորումի օրակարգում են հանրակրթական և բարձրագույն կրթության, ձեռներեցության, օրենսդրական և ենթակառուցվածքների տեսանկյուններից անհրաժեշտ անելիքների քննարկումները:

Ֆորումի նպատակն է քննարկումների արդյունքում ձևավորել Հայաստանի նորարարական զարգացման թիրախային ուղղություններն ու անհրաժեշտ գործողությունները, որոնք կդրվեն ՀՀ կառավարության, մասնավոր ոլորտի և միջազգային կազմակերպությունների օրակարգում: Վարդանյանի խոսքով՝ վերջին տարիների ընթացքում ՏՏ բնագավառում արձանագրվող 20 տոկոսանոց տնտեսական աճը լավ հիմք է, որպեսզի առաջիկայում Հայաստանն այդ բնագավառում ունենա առաջացիկ աճ, ինչն էլ կնպաստի մեր երկրի ինովացիոն զարգացմանն ու որպես կենտրոն կայացմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում