Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Iran Air-ի և ռուսական Port Olya-3 նավի դեմ

Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել Iran Air-ի և ռուսական Port Olya-3 նավի դեմ

Իրանական Iran Air ավիափոխադրողի, IRISL (Islamic Republic of Iran Shipping Lines) տրանսպորտային ընկերության և ռուսական Port Olya-3 բեռնատար նավի նկատմամբ Մեծ Բրիտանիան սահմանափակող միջոցներ է սահմանել։ Այս մասին վկայում է բրիտանական կառավարության կայքում տեղադրված պատժամիջոցների թարմացված ցուցակը։

«Այդ ընկերությունները պատկանում են Իրանին կամ վերահսկվում են նրա կառավարության կողմից, ներգրավված են Իրանի կառավարության թշնամական գործունեության մեջ»,-այսպես է Լոնդոնը հիմնավորել իր սահմանափակումները։

Միացյալ Թագավորությունը նաև պնդում է, որ Port Olya-3 նավը զբաղվել է «երրորդ երկրից դեպի Ռուսաստան ռազմական բեռների փոխադրմամբ»: Բրիտանական իշխանությունների տվյալներով՝ Port Olya-3-ը կառուցվել է 2011 թվականին և կառավարվում է United Cargo Fleet ընկերության կողմից։

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ն Iran Air-ը ներառել է Ռուսաստանին վերաբերող պատժամիջոցների ցանկում: Ընդ որում, IRISL-ն ամերիկյան պատժամիջոցների տակ է գտնվում 2020 թվականից։
Մոսկվան և Թեհրանը բազմիցս մերժել են Ուկրաինայում կիրառելու համար Ռուսաստանին իրանական սպառազինություն մատակարարելու վարկածները։

Ինչպես ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ավելի վաղ ընդգծել էր, ՌԴ-ն և Իրանը մտադիր են զարգացնել համագործակցությունն ու երկխոսությունը բոլոր հնարավոր ոլորտներում, ներառյալ ամենազգայունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում