Շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում
Նմանատիպ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լայնածավալ հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին, փոխանցում է Armsport.am-ը։
Մխիթարյանը խոսել է ինքնաքննադատական բնույթի, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։
— Դուք ֆուտբոլիստ եք առանց ավելորդությունների։ Համարո՞ւմ եք Ձեզ հակաաստղ։
— Այո, ինձ չեն հետաքրքրում դաջվածքները, երգելը կամ տարօրինակ սանրվածքները. նայեք, երկու փոքրիկ ճաղատ հատված ունեմ գլխիս վրա, բայց դա ինձ չի հետաքրքրում: Դա բնական է։
— Կարծես թե սա ակնարկ է ձեր երկու թիմակիցների դեմ, որոնք ներկել են իրենց մազերը։
— Ոչ, բոլորովին։ Յուրաքանչյուրն անում է այն, ինչ ուզում է։
— Սովորե՞լ եք։
— Այո, երկու դիպլոմ ունեմ՝ սպորտի կառավարման և տնտեսագիտության։
— Ինչպե՞ս կսահմանեք ֆուտբոլային ինտելեկտը։
— Կան ֆուտբոլիստներ, որոնք իրադարձությունները մյուսներից ավելի շուտ են տեսնում։
— Կարո՞ղ ես ֆուտբոլում ինտելեկտուալ լինել՝ առանց խաղադաշտից դուրս այդպիսին լինելու։
— Չեմ կարծում։ Ակնհայտ է, թե ով է խելացի խաղադաշտում և դրա սահմաններից դուրս։ Ունեցել եմ թիմակիցներ, որոնք ձևացնում էին, թե խելացի են խաղադաշտում, բայց դրա սահմաններից դուրս այդպիսին չէին։
— Ինչպե՞ս է օգնում շախմատը Ձեզ։
— Այն օգնում է մտածել, կարդալ խաղը, հասկանալ իրավիճակը և թիմակցի մտքերը։ Շախմատը մեծապես օգնում է ինձ։
— Ֆուտբոլում դաստիարակությունը հաճախ շփոթում են բնավորության պակասի հետ, այդպե՞ս է:
— Չեմ կարծում։ Բնավորությունն ունես կամ չունես։ Ինչպես տաղանդը։
— Ճի՞շտ է, որ խոսում եք յոթ լեզվով։
— Հինգ։ Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն և իտալերեն։ Գերմաներեն գիտեի, բայց մոռացել եմ։
— Ի՞նչ լեզվով եք մտածում:
— Եթե իտալերեն եմ խոսում, իտալերեն եմ մտածում։
— Ի՞նչ լեզվով եք հայհոյում:
— Չեմ հայհոյում: Չեմ սիրում։
— Հայաստանում բոլորի համար դուք «Հենո» եք. կբացատրե՞ք, թե ինչ եք ներկայացնում ձեր երկրի համար:
— Փորձում եմ խորհրդանիշ դառնալ մարդկանց համար. ինձ ճանաչելով՝ ճանաչում են նաև Հայաստանի պատմությունը: Նախկինում շփոթում էին Ալբանիայի կամ Ռումինիայի հետ, հիմա գիտեն, թե որտեղ է: Մենք առաջին ժողովուրդն ենք, որ ընդունել է քրիստոնեությունը որպես պետական կրոն, և յուրաքանչյուր հավատացյալ պետք է դա իմանա: Մենք նման ենք իտալացիներին ապրելակերպով, դրա համար էլ այդքան սիրում եմ Իտալիան։
— Կրկին վերադարձե՞լ եք հայերի կղզի Վենետիկ (Սբ Ղազար կղզի), որտեղ ամուսնացել եք։
— Այո, երկու տարի առաջ «Վենեցիա» — «Ռոմա» խաղից հետո։ Մենաստանը կրում է իմ անունը։
— Ալ Բանոյի հետ, ով երգել է ձեր հարսանիքին, միայն «Վոլարե»-ի դուե՞տն եք երգել:
— «Նաև «Ֆելիչիտա»-ն, բայց այդ տեսանյութը պահել եմ ինձ համար։
— Ճի՞շտ է, որ գիրք եք գրում։
— Այո, բայց դեռ նոր եմ սկսել։ Շատ բան ունեմ պատմելու իմ կարիերայի և կյանքի մասին։
— Կարդո՞ւմ եք։
— Այո՛։ Հիմա սկսել եմ Զիդանի կենսագրությունը, իսկ վերջերս ավարտեցի մի գիրք, որում խոսվում էր կյանքի 5 կարևոր նպատակների մասին։
— Ճի՞շտ է, որ Մանչեսթերում խաղից 3 օր առաջ անջատում էիք հեռախոսը։
— Ոչ, դա Ուկրաինայում էր։ Բայց իրականում ես այն անջատում էի խաղերից հետո, քանի որ վերլուծում էի խաղս ու շատ ինքնաքննադատական էի։
— Հիմա է՞լ է այդպես։
— Ոչ, բայց հեռախոսն օգտագործում եմ հնարավորինս քիչ: Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս։
— Կլոպն է՞ր Դորտմունդում աշխատում ձեր չափազանց ինքնաքննադատության վրա:
— Այո, նա մեծ մարզիչ է, բայց առաջին հերթին մեծ հոգեբան․ նա ինձ ասաց, որ չվերցնեմ ամբողջ պատասխանատվությունն ինձ վրա, արագ մոռանամ սխալները և պարտությունները՝ միշտ մտածելով հաջորդ խաղի մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում