Ադրբեջանը սպառնում է Լեհաստանին
Նմանատիպ
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի այցը հայ-ադրբեջանական սահման՝ Հայաստանում ԵՄ առաքելության անդամների ուղեկցությամբ, ԵՄ անդամ տարբեր երկրների և եվրոպական կառույցների «հակաադրբեջանական քաղաքականության» հերթական ցուցադրումն է: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Խորապես ցավում ենք, որ պաշտոնապես Ադրբեջանի «ռազմավարական գործընկեր» երկրի նախագահը մասնակցել է անընդունելի դիվանագիտական «հեռադիտակային շոուին», որը հանգեցնում է Ադրբեջանի և Լեհաստանի միջև հարաբերությունների սրմանը։ Չնայած Ադրբեջանի պաշտոնյաների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված Լեհաստանի նախագահի աշխատակազմին և ԱԳՆ-ին, լեհական կողմը զերծ չի մնացել այս սադրիչ քայլից։ Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում ձեռնարկել համապատասխան դիվանագիտական միջոցներ այս ոչ բարեկամական գործողության դեմ», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։
«ՀՀ-ում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։
Առաքելությունը ստեղծվել է 2023 թվականի փետրվարին՝ երկու տարի ժամկետով, և դրա նպատակները ներառում են՝ իրավիճակի մոնիթորինգը և պարեկությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին»,- գրել է Լեհաստանի նախագահը, X-ի իր միկրոբլոգում։