Փարիզում մեծարման երեկո են անցկացրել՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Փարիզում մեծարման երեկո են անցկացրել՝ ի նշանավորումն Փարաջանովի 100 և Երվանդ Քոչարի 125-ամյակների

Նոյեմբերի 27-ին Փարիզի արվեստի ու մշակույթի Ժորժ Պոմպիդու կենտրոնում, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության և Կենտրոնի համագործակցությամբ, տեղի ունեցավ Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակին և Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառում, հայտնում են Ֆրանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Միջոցառումը մեկնարկվեց Երվանդ Քոչարի՝ Պոմպիդու կենտրոնում պահվող «Արևելուհիները» և «Նկարչություն տարածության մեջ» գործերի ցուցադրությամբ։ Այնուհետև կայացավ Սերգեյ Փարաջանովին նվիրված համաժողով-քննարկում՝ ֆիլմարտադրող Պատրիկ Կազալի, դերասան ու ռեժիսոր, կինոքննադատ Անտուան դե Բաեքի, ֆրանսահայ կինոռեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանի և ոլորտի այլ մասնագետների մասնակցությամբ։
Երեկոյին երկու հոբելյանների մեծարմամբ ելույթներով հանդես եկան Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը և Պոմպիդու կենտրոնի նախագահ Լորան Լե Բոնը։

Հայաստանի դեսպանն իր խոսքում, շնորհակալություն հայտնելով Պոմպիդու կենտրոնին միջոցառումը հյուրընկալելու և, դեսպանության հետ համագործակցաբար, կազմակերպելու համար, ընդգծեց 20-րդ դարի հայ անվանի երկու գործիչների՝ Քոչարի ու Փարաջանովի միջազգային գործունեությունն ու արվեստագետների թողած ժառանգությունը։ Դեսպան Խաչատրյանն նշեց նաև Երվանդ Քոչարի և Սերգեյ Փարաջանովի՝ Ֆրանսիայի հետ ունեցած առանձնահատուկ կապերը։

Միջոցառումը եզրափակվեց Սերգեյ Փարաջանովի «Աշուղ Ղարիբը» ֆիլմի ցուցադրությամբ։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ազգային պատկերասրահի և Երվանդ Քոչարի թանգարանի տնօրենները, Պոմպիդու կենտրոնի ներկայացուցիչները, Երվանդ Քոչարի ընտանիքի անդամներն ու հարազատները, ինչպես նաև երկու հոբելյանների բարեկամները, հասարակական, մշակութային գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում