Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ «Հրապարակ»

Հանքավանում հանքի առաջարկը մերժվեց․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ծաղկաձորի ավագանու երեկվա նիստում քննարկել են «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ին Հանքավանի վարչական տարածքում մոլիբդենի հանքավայրի կառուցման եւ մոլիբդենի արդյունահանման թույլտվություն տալու հարցը: Նիստին մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, բնապահպաններ, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր համայնքների բնակիչներ: «Մեղրաձոր գոլդ»-ի ներկայացուցիչն ասել է. «Հանքավանում առկա է պղնձի եւ մոլիբդենի հարուստ հանքավայր: Տվյալ հանքարդյունաբերության ճյուղը զարգացնելու նպատակով մենք դիմել էինք համայնքապետարան, տեղի ունեցավ հասարակական լսում՝ դրական եզրակացությամբ»։

Ապա հարցը դրվել է ավագանու քննարկմանը: Ավագանու անդամ Արմեն Ասատրյանն առարկել է. «Եթե հանքավայրը 60-ականներին հետազոտվել է, ու արգելվել է դրա շահագործումը, հիմա եթե բացում ենք, ի՞նչ է լինելու Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքի բնակիչների վիճակը»: Մեկ ժամից ավելի տեւած թեժ քննարկման արդյունքում 5 դեմ, 3 ձեռնապահ ձայներով ավագանին համաձայնություն չի տվել աշխատանքներ իրականացնելու նախագծին: Ի դեպ, այստեղ եւս մասնակից է ՔՊ-ի նորաթուխ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը, որը գործընկերոջ հետ ընկերություն է հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում