Վստահելով մեր ընդդիմադիր թևերին, ուզում եմ խնդրանքով և աղաչանքով դիմել նրանց՝ զբաղվեք արցախցիների խնդիրներով․ Նարինե Գաբրիելյան

Վստահելով մեր ընդդիմադիր թևերին, ուզում եմ խնդրանքով և աղաչանքով դիմել նրանց՝ զբաղվեք արցախցիների խնդիրներով․ Նարինե Գաբրիելյան

Ես այն մարդկանցից եմ, որ շատ հեռու եմ այն անհիմն թեզերից, թե «Նիկոլին բերեց Սարգսյանը , որ նա էլ հանձնի Արցախը», կամ թե «Քոչարյանն է Նիկոլին տարել նկուղ, ատրճանակը գլխին պահելով՝ ստիպել ստորագրել նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան»։ Այս մասին գրել է Արցախի հասարակական գործիչ Նարինե Գաբրիելյանը։

«Հենց այդ պատճառով, վստահելով մեր ընդդիմադիր թևերին, ուզում եմ խնդրանքով և աղաչանքով դիմել նրանց՝ զբաղվեք արցախցիների խնդիրներով։

Գիտեմ ընդդիմադիր գործիչների, հատկապես պատգամավորների, ովքեր օգնում են արցախցիներին նրանց անձնական խնդիրներում։ Հատկապես գիտեմ Գեղամ Մանուկյանին, Արթուր Խաչատրյանին, և վստահ եմ՝ մյուսներն էլ անում են հնարավորը։ Օրինակ՝ Տիգրան Աբրահամյանը եզակիներից է, որ Արցախի թեման անդադար թեժ է պահում։ Բայց դա բավարար չէ՝ արցախցիների խնդիրները լուծելու համար։

Ես այն մարդկանցից եմ, որ կտրականապես դեմ էի ամեն տեսակ օգնությունների հենց առաջին օրվանից, չնայած ինքս էլ, մեղքս ի՞նչ թաքցնեմ, որոշ չափով մասնակցել եմ։ Բայց ինձ համար օգնությունները մարդուն թուլացնելու, այլ ոչ թե ուժ տալու միջոց են։

Արցախցիների խնդիրներին համակարգային լուծումներ տալ է պետք։ Մեր հայրենակիցներն իսկապես հայտնվել են անտանելի պայմաններում։

Բացի նրանից, որ նիկոլյան հողատու իշխանությունը նրանց զրկել է հայրենիքից, այժմ էլ, իրենց կեղտոտ գործը շարունակելով, ապօրինի զրկել են ՀՀ քաղաքացիությունից։ Դուք ուղղակի չեք պատկերացնում՝ դա որքան հավելյալ բարդություններ է ստեղծել այդ մարդկանց կյանքում։

Մեկ տարի շարունակ հավաքագրելով տարբեր՝ անհայտ ծագում ունեցող արցախցիների, օր ու գիշեր այս հանցագործները թմրեցնում են նրանց նվաստացնող աջակցություններով, մշակում ու կառավարում, իսկ մարդիկ, ծանր պայմաններում գտնվելով, ընկնում են այդ ծուղակը։

Առաջարկ ունեմ՝ իսկապես համախմբվեք և լուծումներ գտեք արցախցիների խնդիրների համար։ Չէ՞ որ բոլորս էլ գիտենք, որ նրանք մեր ազգի ամենաուժեղ պոտենցիալներից են և անվերջ հավատարիմ շերտը։ Չնայած, ցավոք սրտի, պարզվել է, որ քաղաքականապես մեծամասնությունն անգրագետ է։

Խնդրում եմ՝ համակարգված սկսեք զբաղվել մեր հայրենակիցների խնդիրներով։ Մի թողեք նրանց մեն-մենակ այս ազգադավ իշխանությունների հետ։ Չէ՞ որ դրանց միակ նպատակն է ցրել արցախցիներին աշխարհով մեկ և ոչնչացնել նրանց որպես տեսակ»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում