Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել․ Բայրամով

Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններում։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին Մալթայում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ 

«Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո փաստացի խաղաղություն է հաստատվել, ինչը նոր հնարավորություններ է բացել Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար»,- նշել է նա։

Բայրամովի խոսքով՝ ուղիղ երկխոսության արդյունքում Ադրբեջանն ու Հայաստանն ավարտել են իրենց սահմանների մի մասի սահմանազատումն ու սահմանագծումը։ Բացի այդ, ըստ նրա, առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի տեքստի մշակման գործում։

Նա հավելել է, որ չնայած ձեռք բերված առաջընթացին՝ հարաբերությունների կարգավորման ճանապարհին դեռևս կան չլուծված խնդիրներ։

«Խաղաղությունը և բարիդրացիական հարաբերությունները չեն կարող կայուն և անշրջելի լինել, եթե Հայաստանի սահմանադրությամբ կասկածի տակ դրվի Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը»,- ասել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարը հավելել է, որ միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում չվնասելու ընթացող խաղաղ գործընթացին, զերծ մնալու սադրիչ գործողություններից և լարվածության աճից։

Նա նշել է, որ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը և հարակից կառույցները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում