Սիրիան մասնատման եզրին

Սիրիան մասնատման եզրին

Այն, ինչ տեղի է ունենում այսօր Սիրիայում, իսկական ողբերգություն է։ Ես չգիտեմ՝ կկարողանա՞ արդյոք Ասադի իշխանությունն այս անգամ էլ դուրս գա ճգնաժամից, բայց եղածն արդեն բավական է, որպեսզի հստակ լինի մեկ բան. մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը։ Ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան։

Ամենայն հավանականությամբ երկիրը կմասնատվի։ Հիմնական շահառուն, եթե ոչ միակը, Թուրքիան է։ Մոսկվան հուսով է, որ Լաթակիան և Տարտուսը կմնան ռուսական ազդեցության տակ։ Ինչ-որ բան սակայն հուշում է, որ այդ շրջաններում Ռուսաստանը նույնքան ազդեցություն և ուժ կունենա, որքան ռուսական խաղաղապահ զորքերն ունեին Արցախում։ Ուշ թե շուտ ռուսներին կհասկացնեն, որ Սիրիայում այլևս անելիք չունեն և պետք է հեռանան։

Իրանը նույնպես կկորցնի ամեն ինչ։ Նման քաղաքականությամբ Թեհրանը Սիրիայում որևէ բան ունենալու հավակնություն չէր էլ կարող ունենալ։ Միայն սպառնալիքներ և ուրիշ ոչինչ։ Հիմա էլ հայտարարում են, թե կարող են երկու բանակ ուղարկել Սիրիա, բայց վախենում են, որ արդեն ուշ է։ Փոխարենը Իրանի իշխանություններն զբաղեցնում են իրենց հասարակությանը տիեզերք ինչ-որ արբանյակներ ուղարկելով։ Դե իսկ վաղը-մյուս օրն էլ Մոսկվան ու Թեհրանը երկար կվիճեն, թե ում բաղթողման հետևանքով էր, որ ահաբեկիչները կարողացան կործանել Սիրիան։

Համաձայնեք՝ ամեն ինչ շատ ծանոթ է մեզ։ Պարզապես այս անգամ մեր «բախտը բերեց». Թուրքիայի ախորժակին Սիրիայում հագուրդ տրվեց։

Դե իսկ CNN-ները մեծ հաճույքով հարցազրույցներ են անում ահաբեկիչների հետ։ Արդյունքում պարզվելու է, որ բոլորն ամեն ինչ արել են, որպեսզի նոր կոտորածներ չլինեն, բայց ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

P.S.
Աղոթում եմ Սիրիայում գտնվող մեր հայրենակիցների ու եղբայրական ժողովրդի ճակատագրի համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում