Հալեպից հայության տարհանումն անիրատեսական է. Երևան կտեղափոխվեն ավելի վաղ Դամասկոս հեռացած մեր հայրենակիցները
Նմանատիպ
Հալեպում սոցիալական վիճակը ավելի է սրվում. Որոշ ապրանքատեսակենր թանկացել են, էլեկտրաէներգիան մատակարարվում է գրաֆիկով՝ օրը երկու ժամ, խափանվում է ինտերնետի աշխատանքը։ Բացի այդ՝ ընդդիմադիր ուժերը նոր նոր քաղաքներ են վերցնում իրենց տիրապետության տակ, թեեւ Սիրիայի պաշտպանության նախարարը խոստանում է վերադարձնել դրանք։ Այս մասին «Փաստինֆո-ին ասաց Սիրիայի խորհրդարանում հայազգի պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։
Օրեր առաջ ՀՀ Սփյուքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնել էին, որ հալեպահայերի առաջին խմբի ժամանումը սպասվում է դեկտեմբերի 14-ին։ Մ.Գաբրիելյանը նշեց, որ թռիչքը Հալեպից չի տեղի ունենալու, այլ Դամասկոսից, քանի որ Հալեպի օդանավակայանը փակ է։ Նա դժվարացավ ասել, թե ովքեր են գալու Երեւան, բայց նշեց, որ ներկայումս Հալեպից դուրս գալ հնարավոր չէ։
«Այդ թռիչքը Դամասկոսից է իրականացվելու, որտեղ հասնել հալեպահայերը չեն կարող, հավանաբար այն մարդիկ կօգտվեն, որոնք ներխուժման օրը կարողացել են դուրս գալ Հալեպից», – ասաց Գաբրիելյանը։
Նշենք, որ նախօրեին հայտարարվեց նաեւ Համայից կառավարական ուժերի դուրս բերման մասին,ինչը նշանակում է, որ Հալեպից շուրջ 100 կմ հարավ է ռազմաճակատի գիծն ու փաստացի Հալեպից տարհանման ծրագիրն անիրատեսական է ու այդ մասին խոսելն անգամ այս պահին ժամանակավրեպ է։
Երեւան կարող են վերադառնալ միայն Հալեպից ավելի վաղ հեռացած հայերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում