Հոբելյանական ընթրիք՝ Հայաստանի և Կոլումբիայի դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի կապակցությամբ
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության և Կոլումբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի առիթով ՀՀ-ում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի հրավերով կայացել է հոբելյանական ընթրիք։ Միջոցառմանը ներկա էր Հայաստանում Կոլումբիայի Հանրապետության դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը, Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպաններ, փոխդեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական մարմինների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոս Վիգեն Բադալյանի համոզմամբ երկուստեք շահերից է բխում շարունակել ակտիվացնել առևտրային, մշակութային և զբոսաշրջային շփումները մեր կառավարությունների, գործարարների և ժողովուրդների միջև:
Դեսպան Հեկտոր Արենաս Նեյրանը երրորդ անգամ է Հայաստան այցելում, արդեն երկրորդ անգամ՝ դեսպանի կարգավիճակում: Նա խոստովանում է, որ Հայաստանը գրավել է իրեն հարուստ պատմությամբ՝ միահյուսված քրիստոնեության և համաշխարհային մարդկության պատմությամբ․ «Ուրախ ենք նշել Կոլումբիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը:
Աշխատել ենք տարբեր ոլորտներում՝ մշակութային, ակադեմիական: Նպատակ ունենք շարունակել աշխատել այնպիսի ոլորտների շուրջ, ինչպիսիք են մշակութային դիվանագիտությունը, գաստրոնոմիկ, կրթական, սպորտային դիվանագիտությունը և նաև փորձել գտնել հնարավորություններ մեր երկու երկրների միջև առևտրային կապերի ամրապնդման համար: Ցանկանում ենք ծրագրեր իրականացնել նաև գրականության ոլորտում, քանի որ գիտենք, որ Հայաստանում շատերը հետաքրքրված են լատինամերիկյան և կոլումբիական գրականությամբ», – ասել է նա:
Ի դեպ, ընթրիքի համար հատուկ Հայաստան էր ժամանել կոլումբիացի շեֆ-խոհարար Լուսիանա Կայենը, ով մասնագիտացել է Կոլումբիայի խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խոհանոցում, կակաոյի և սուրճի փորձագետ է: Լուսիանա Կայենն առաջին անգամ էր Հայաստանում․ «Ես ծանոթ եմ Հայաստանին, և մեր երկրում կա մի շրջան, որը կոչվում է Արմենիա: Այնտեղ սուրճ են աճեցնում: Այն շատ կարևոր նշանակություն ունի մեզ համար: Հայաստանում եմ արդեն երկու կամ երեք օր, և իմ տպավորությունը մարդկանցից և մշակույթից շատ խորն է: Մարդիկ այստեղ շատ բարի են: Մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն»,- ասել է նա:
Ընթրիքի ընթացքում հյուրերը համտեսել են Լուսիանայի կազմած հատուկ ճաշացանկից կոլումբիական խոհանոցի յուրահատուկ ուտեստներ՝ վայելելով կոլումբիական երաժշտություն և պարեր:
Հայաստանի և Կոլումբիայի միջև հարաբերությունների սերտացման ուղղությամբ երկու երկրներն էլ ջանքեր են ներդնում՝ կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ բազմակողմ հարթակներում, համագործակցության ընդլայնումը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում