Պատմության մեջ առաջին անգամ Coca-Cola-ի դեմ հայց է ներկայացվել

Պատմության մեջ առաջին անգամ Coca-Cola-ի դեմ հայց է ներկայացվել

ԱՄՆ-ի բնակիչներից մեկը հայց է ներկայացրել պատմության մեջ առաջին անգամ The Coca-Cola Company-ին, Mondelez International-ին և զովացուցիչ ըմպելիքների ու քաղցրավենիքի ևս ինն արտադրողի, քանի որ նրանց արտադրանքը կարող է կախվածություն և երեխաների մոտ քրոնիկ հիվանդություններ առաջացնել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասվում է Morgan & Morgan իրավաբանական ընկերության հաղորդագրության մեջ։

Հայցվոր Բրյուս Մարտինեսը հաստատել է, որ նշված ընկերությունների արտադրանքներն օգտագործելով, ներառյալ Coca-Cola-ի և Pepsi-ի ըմպելիքները, ինչպես նաև Mars-ի սալիկները, 16 տարեկանում նրա մոտ զարգացել է 2-րդ տիպի շաքարային դիաբետ և լյարդի ճարպային հիվանդություն։

Իրավաբանական ընկերության գործընկեր Մայք Մորգանը կարծում է, որ խորը վերամշակված սննդամթերքի պատմությունը աղաղակող օրինակ է, թե ինչպես են ընկերությունները շահույթը վեր դասում իրենց արտադրանքը գնող մարդկանց առողջությունից և անվտանգությունից։ Նրա խոսքով՝ ընկերությունների ղեկավարները, հավանաբար, գիտեն կիրառվող տեխնոլոգիայի վնասի մասին «առնվազն քառորդ դար»:

Համաձայն Morgan & Morgan-ի փաստաբանների ձեռք բերած ուսումնասիրությունների՝ ԱՄՆ-ում խորը վերամշակված մթերքները երեխաների սննդակարգում կազմում են 67%-ը: Ամերիկացի մեծահասակների առնվազն 14%-ը և երեխաների 12%-ը կախվածության նշաններ են ցույց տալիս այս տեսակի սննդից:
Հայցում նաև գիտական տվյալներ կան, որտեղ նշվում է, որ խորը վերամշակված մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել քաղցկեղի, սրտանոթային հիվանդությունների, դյուրագրգիռ աղիքի համախտանիշի, դեմենցիայի եւ այլ ծանր հիվանդությունների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում