Գումի շուկայից բերման են ենթարկում մսավաճառներին

Գումի շուկայից բերման են ենթարկում մսավաճառներին

Վաղ առավոտյան Երևանի Գումի շուկայում ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավել են մսավաճառների միսը:

Ոստիկանների և մսավաճառների միջև քաշքշուկ է սկսել, որի ընթացքում մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել, արցունքաբեր գազ փչելու արդյունքում էլ մեկ այլ մսավաճառի ինքնազգացողությունը վատացել է։

Իրարանցման պատճառը սպանդանոցային մորթի մասին փաստաթղթի պահանջն է։ Մսավաճառները նշում են, որ իրենց բնակավայրերում չկան սպանդանոցներ։

ՍԱՏՄ անասնաբուժության վարչության պետի տեղակալ Արթուր Մելիքյանը հայտնել է, որ ստուգում իրականացնելու արդյունքում, եթե չի գտնվում սպանդանոցային մորթի մասին փաստաթուղթ, ապա միսն առգրավում են:

Մսավաճառները բողոքում են, որ միսը տանում են առանց կշռելու։ «Մոտ 10 ջանդակ տարել են։ Խուլիգանավարի գողանում են, իրավունք չունեն առանց կշռելու տանել»,-ասում են նրանք։

Մսավաճառներից մեկը պատմել է, որ իրենց ասել են՝ անիմաստ է դիմադրելը, քանի որ, միևնույն է, միսը տանելու են, տանելու են վառեն: Մսավաճառները կասկածում են, որ տանելու են վառեն, նրանք պնդել են, որ ուզում են տեսնել՝ արդյոք վառում են, թե՞ մեջ-մեջ են անում:

Նրանք նաև նշում են, որ սպանդանոց նույնիսկ Արարատում չկա։ Ինչին ի պատասխան ՍԱՏՄ աշխատակիցն արձագանքել է, որ սպանդանոցների ցանկը հրապարակված է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում