Ինքնաթիռները չեն կարողանում վայրեջք կատարել «Զվարթնոց» օդանավակայան
Նմանատիպ
Այսօր Երևանի բնակիչներն արթնացան մառախուղում, տեսանելիությունը բավականին ցածր էր՝ 5-10 մետր էր։ Մառախուղի պատճառով գիշերը և վաղ առավոտյան «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում չեղարկվել և հետաձգվել են մի շարք չվերթեր, իսկ 8 ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում։
MediaHub-ին Քաղաքացիական ավիացիայից փոխանցեցին, որ դեռ 8 ինքնաթիռներից ոչ մեկը Երևան չի վերադարձել։
«Գիշերը մոտավորապես 4:30-ից եղանակային պայմանները թույլ չեն տվել, որ վայրէջքներ լինեն «Զվարթնոց» օդանավակայանում, և մոտավորապես 8 ռեյս վայրէջք են կատարել իրենց պահեստային օդանավակայաններում, հիմնականում Թբիլիսի։ Այս պահի դրությամբ, օրինակ՝ Դուբայից եկող ինքնաթիռը կարողացավ վայրէջք կատարել, կարծես բացվում է եղանակը»,– նշեցին Քաղաքացիական ավիացիայից։
Ճշտող հարցին, թե արդյո՞ք պտտվում են և չե՞ն կարողանում վայրէջք կատարել, Քաղաքացիական ավիացիայից պատասխանեցին․ «Չէ, չեն պտտվում, գալիս են ինքնաթիռները, կան ավիաընկերություններ, որոնք գալու և գնալու խնդիր չեն ունեցել, օրինակ՝ «FlyOne» ընկերությունը։ Իսկ պահեստային օդանավակայաններից վերադառնալը Երևան որոշում է ավիաընկերությունը, դեռ 8 ինքնաթիռներից ոչ մեկը Երևան չի վերադարձել»։
Նշենք, որ այսօր չվացուցակից պարզ էր դարձել, որ չեղարկվել էին երկկողմանի Վարշավա, Վիեննա, Աթենք թռիչքները, ուշացումներ են եղել Մոսկվա մեկնող և ժամանող թռիչքների, ինչպես նաև Լառնակա ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում