ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի Կոբախիձե

ԵԱՀԿ-ն ճանաչել է Վրաստանի ընտրությունները․ Իրակլի Կոբախիձե

ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ) առաքելությունը ճանաչել է Վրաստանում կայացած ընտրությունները՝ արձանագրելով որոշ խախտումներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական հարթակը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ճանաչում է ընտրություններն այնպես, ինչպես վրացական հասարակությունը, սա է կարևորը։ Առաջինն, ով լեգիտիմություն է տալիս ընտրություններին, դա վրացի ժողովուրդն է։ Դուք տեսնում եք, որ վրացի ժողովուրդը ճանաչում է ընտրությունների լեգիտիմությունը», – ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ ընտրախախտումների հետ կապված ԺՀՄԻԳ-ն արձանագրել է միայն «առանձին միջադեպեր»։

«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը նաև հայտնում է, որ երկու կողմերն էլ տեղեկատվություն են տրամադրել առանձին բռնի միջադեպերի մասին, այսինքն՝ խոսքը միայն առանձին միջադեպերի մասին է։ Քվեարկության արդյունքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խախտումներ չի հայտնաբերել այն ընտրատեղամասերի 76 տոկոսում, որտեղ մշտադիտարկում է իրականացվել»,- ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հաստատել է, որ ընտրություններն անցել են ազատ և մրցակցային մթնոլորտում։

Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։ 11-րդ գումարման օրենսդիր մարմինն իր լիազորությունները ձեռք է բերել նոյեմբերի 25-ին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած արդյունքները մերժվել են ճանաչվել խորհրդարան անցած բոլոր չորս ընդդիմադիր ուժերի կողմից, ինչից հետո ընդդիմադիր ուժերը սկսել են արդյունքների դեմ բողոքի ակցիաներ իրականացնել։

Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփիչ արձանագրության համաձայն՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է երկրի խորհրդարանի 89 մանդատ, «Հանուն Փոփոխությունների կոալիցիան» (Ախալի, Գիրչի՝ ավելի շատ ազատություն, Դրոա)՝ 19 մանդատ, «Միասնություն՝ ազգային շարժում» (Միացյալ ազգային շարժում», «Ագմաշենեբելի ռազմավարություն», «Եվրոպական Վրաստան») – 16 մանդատ, «Ուժեղ Վրաստան» («Լելոն Վրաստանի համար», «Ժողովրդի համար», «Ազատության հրապարակ», «Քաղաքացիներ»)՝ 14 և «Վրաստանի համար»՝ 12 մանդատ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում