Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ չեն հավատարմագրել MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին. ինչ նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Ազգային ժողովում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և լրագրող Վահե Մակարյանի միջև տեղի ունեցած հայտնի ամոթալի վեճից հետո, որոշում է կայացվել մերժել Վահե Մակարյանի` ԱԺ նոր՝ գարնանային նստաշրջանի համար լրագրողի հավատարմագրման դիմումը։

Որոշումը հենց Ալեն Սիմոնյանինն է։

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին՝ հետաքրքրվելով, թե ինչ սկզբունքով են MediaHub.am-ի լրագրող Վահե Մակարյանին զրկում նաև 2025 թվականին Ազգային Ժողովում հավատարմագրվելու իրավունքից:

Պահանջել էինք նաև ներկայացնել որոշման հիմքերը:

Հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից հայտնեցին․

«MediaHub.am լրատվամիջոցի լրագրող Վահե Մակարյանին ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման 9-րդ նստաշրջանի գործունեության լուսաբանման նպատակով հավատարմագրելու համար ներկայացված դիմումը մերժվել է՝ հիմք ընդունելով ՀՀ ԱԺ խորհրդի՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին թիվ 062-Լ որոշմամբ Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգի 16-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը», – ասված է պատասխանում։

Ազգային Ժողովի կողմից հղում արված որոշումը ենթադրում է․ 5-րդ կետով՝ լրատվական գործունեություն իրականացնողի կողմից հավատարմագրման ներկայացված լրագրողը հավատարմագրման պահին նախորդող մեկ տարվա ընթացքում Աշխատակազմի կողմից ստացել է երկու նախազգուշացում։

6-րդ կետով՝ հավատարմագրման ներկայացվող լրագրողի հավատարմագրումը հավատարմագրման ներկայացման պահին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածում Աշխատակազմը վաղաժամ դադարեցրել է:

Այսինքն, ստացվում է, որ այսուհետև անգամ հավատարմագրումը վաղաժամ դադարեցնելու դեպքում՝ լրագրողը մեկ օրացուցային տարի խորհրդարան մտնելու իրավունք չի ունենա։ Ահա թե ինչպիտի նոր օրենքներ է սահմանել Ալեն Սիմոնյանը լրագրողների հավատարմագրման փուլի մեկնարկին ընդառաջ՝ 2024 թվականի դեկտեմբերի 2-ին։ Ընդ որում, իր հաստատած կարգը հետին թվով է ուժ ստանում փաստացի:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթին լրագրող Վահե Մակարյանը մանրամասնորեն պատմել էր իր և ԱԺ նախագահի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որ Ալեն Սիմոնյանը միջանցքում գոռգոռացել և հայհոյանքներ է հնչեցրել, իրեն խուլիգանի նման պահել։ Ալեն Սիմոնյանի թիկնապահները բռնել էին լրագրողի ձեռքերը, որպեսզի ԱԺ նախագահը հարվածի նրան, և այս խուլիգանական վարքագծի դրսևորումը, փողոցային հայհոյանքները լսվել էին ԱԺ միջանցքում։»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում