Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից ադրբեջանական ինքնաթիռի կործանման համար
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Երկու երկրների ղեկավարները հանգամանալից քննարկել են Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում Azerbaijan Airlines ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռի կործանմանը վերաբերող հարցեր։
Պուտինը ներողություն է խնդրել Ալիևից՝ կապված այն բանի հետ, որ ավիավթարը տեղի է ունեցել Ռուսաստանի երկնքում: Նա ևս մեկ անգամ խորին և անկեղծ ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին
Զրույցի ընթացքում նշվել է, որ ըստ չվացուցակի ուղեւորվող AZAL ինքնաթիռը բազմիցս փորձել է վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում։
Այդ պահին Գրոզնին, Մոզդոկը և Վլադիկավկազը հարձակման են ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, իսկ ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել այդ հարձակումները։
Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնների խախտում» հոդվածով: Կատարվում են նախնական քննչական գործողություններ, հարցաքննվում են քաղաքացիական և զինվորական մասնագետները։
Այժմ Ադրբեջանի գլխավոր դատախազության երկու աշխատակիցներ գտնվում են Գրոզնիում, որտեղ աշխատում են գլխավոր դատախազության և ՔԿ ներկայացուցիչների հետ համատեղ։
Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի ծառայությունները սերտորեն համագործակցում են նաև Ակտաուի շրջանում՝ Աղետի վայրում, նշում էն Կրեմլից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում