100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը

100 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը

ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարթերը մահացել է կիրակի կեսօրին Ջորջիայում 100 տարեկան հասակում: Քարթերի մահվան մասին հայտնել է Atlanta Journal-Constitution-ը:

Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Քարթերը նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1977 թվականի հունվարից մինչև 1981 թվականի հունվարը՝ 1976 թվականի ընտրություններում հաղթելով հանրապետական գործող նախագահ Ջերալդ Ֆորդին։ Չորս տարի անց Քարթերը ընտրություններում մեծ տարբերությամբ պարտվեց հանրապետական Ռոնալդ Ռեյգանին՝ Կալիֆոռնիայի նախկին դերասանին և նահանգապետին:

Քարթերն իր պաշտոնավարման ավարտից հետո ավելի երկար ապրեց, քան ԱՄՆ-ի այլ նախագահները, և նրա հետնախագահական գործունեությունը շատերի կողմից գնահատվում է ավելի հաջողված, քան նրա նախագահությունը, ինչի հետ բացահայտորեն համաձայն էր ինքը՝ Քարթերը:

Նրա նախագահությունը նշանավորվեց ինչպես հաջողություններով, ինչպիսիք են 1978 թ-ին Իսրայելի և Եգիպտոսի միջև կնքված Քեմփ-Դեյվիդի համաձայնագիրը, որը կայունություն բերեց Մերձավոր Արևելքին, այնպես էլ մարտահրավերներով, ներառյալ տնտեսական անկումը, նրա նկատմամբ վստահության նվազումը և Իրանի պատանդների հետ կապված երկարատև ճգնաժամը նրա նախագահության օրերին, փոխանցում է Ամերիկայի Ձայնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում