Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդն էլ ճեղքել է բնագիծը․ ՔԿ

Տիրան Խաչատրյանի քայլերը հանգեցրել են ԶՈւ պաշտպանության ձախողմանը, հակառակորդն էլ ճեղքել է բնագիծը․ ՔԿ

ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքն առաջացրել է ծանր հետևանքներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՔԿ-ն։

«ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ ՀՀ ԶՈՒ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Տ․Խ․-ն, ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 27-ի որոշմամբ հայտարարված ռազմական դրության ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մարտական կարգադրության համաձայն նշանակված լինելով որպես Զորքերի հարավային խմբավորման հրամանատար՝ 2020 թվականի հոկտեմբերի 7-17-ն ընկած ժամանակահատվածում, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, այն է՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ՝ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Մասնավորապես, վերջինիս գործողությունները հանգեցրել են ԶՈւ բանակային բնագծի պաշտպանության ձախողմանը, խարխլել զորքերի կառավարման համակարգը, խափանվել է առաջադրված մարտական խնդրի կատարումը, արդյունքում հակառակորդն օգտվել է ստեղծված իրավիճակից և անխոչընդոտ տիրացել ռազմավարական բարձունքի, ճեղքել է առկա բնագիծը, մեկ այլ դեպքում շրջանցել է յուրային ստորաբաժանումներին և զարգացնելով գրոհը՝ տիրապետության տակ է վերցրել խմբավորման պաշտպանությանը հանձնված տարածքները։

2025 թվականի հունվարի 3-ին Տ․Խ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ)։

2025 թվականի հունվարի 4-ին Տ․Խ․-ն ձերբակալվել է դատարան ներկայացվելու համար։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար։

2025 թվականի հունվարի 5-ին դատարանը բավարարել է միջնորդությունը և Տ․Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Խաչատրյանի պաշտպանական խումբը հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշված էր․

«Ինչպես և ենթադրվում էր 1200 էջանոց գործին ծանոթանալու համար բավարար ժամանակ չտրամադրելուց հետո դատավոր Մասիս Մելքոնյանն` անտեսելով հիմնավոր կասկածի ու կալանքի հիմքի բացակայությունը, բավարարեց քննիչի միջնորդությունը և 2 ամսով կալանավորեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին:

Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում:

Հաշվի առնելով այն հանգամանքները, որ.

ա) սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է,

բ)բառացիորեն կալանքի հիմք չկա ու դեռ մի բան էլ խոչընդոտման այդ վերացական հավանականությունը հերքվում է 4 տարվա քննությանը Տիրան Խաչատրյանի փաստացի դրսևորած վարքով

գ) այս գործով մոտենում են վաղեմության ժամկետներն ու միևնույնն է այս մեղադրանքով Տիրան Խաչատրյանին ազատազրկում չի սպառնում (իսկ այս մասով կա վճռաբեկ դատարանի հստակ նախադեպային դիրքորոշում, որ կալանքը կիրառելի չէ)

դ) չհիմնավորվեց, թե նման աննախադեպ իրավիճակում այլընտրանքային խափանման միջոցների համակցությունը (գրավ և տնային կալանք) ինչով չի զսպելու խոչընդոտման վկայակոչված վերացական ռիսկը վստահորեն պնդում ենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն` Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ` նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով:

Առավել մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ և ըստ անհրաժեշտության:

Տիրան Խաչատրյանը կալանքը կրելու է «Վարդաշեն» ՔԿՀ-ում:

Տիրան Խաչատրյանի պաշտպաններ` Արմեն Անդրիկյան, Վարազդատ Հարությունյան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում