Մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով, կեղծիք, անօրինականություն, քինախնդրություն․ Վեհափառ Հայրապետ

Մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով, կեղծիք, անօրինականություն, քինախնդրություն․ Վեհափառ Հայրապետ

Աստվածամերժ ընթացքները մարդկությանը կանգնեցնում են չարիքների և կործանարար սպառնալիքների առջև։ Այսօր ամենքս ականատես ենք Աստծուց հեռացող աշխարհի դառնագին իրականությանը, նյութականի պաշտամունք, քաղաքական ու տնտեսական շահեր, տիրապետելու մոլուցք, որոնց զոհաբերվում են անհատի և ժողովուրդների իրավունքները, բարոյական սկզբունքները, համամարդկային խաղաղ համակեցությունը, երջանկությունն ու բարիքը։ Այս մասին Սուրբծննդյան տոնական պատարագին հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

«Աշխարհաքաղաքական ներկա բարդ իրադրության մեջ ծանր փորձությունների ենթարկվեց նաև մեր ժողովուրդը, բռնազավթվեց և հայաթափվեց Արցախը, գրավված են մնում ՀՀ ինքնիշխան տարածքները, տակավին գերության մեջ են և անհայտ կորած մեր բազում զավակներ։ Ադրբեջանի կողմից շարունակվում են հնչեցվել նորանոր պահանջներ և սպառնալիքներ»,- ասաց Վեհափառը՝ նշելով, որ այսօր մեր երկիրը խռովահույզ է ներքին խնդիրներով, կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեր պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։

«Այս ամենին զուգընթաց քրիստոնեական բարոյական ընկալումների և ազգային հոգևոր-ավանդական արժեքների աղճատումը խեղաթյուրում է մեր ժողովրդի ինքնության դիմագիծը, թուլացնում ազգային ոգին, ներքաշում դեպի մեղքի ու հուսահատության որոգայթներ»,- հավելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում