ՏՏ փորձագետը զգուշացնում է Telegram-ում ֆիշինգային հարձակումների մասին
Նմանատիպ
Տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է ֆիշինգային հարձակումների նոր ալիքի մասին, որոնք տեղի են ունենում Telegram, Viber և WhatsApp հավելվածներում։ Մարտիրոսյանը Telegram-ի իր ալիքում գրել է, որ վերջին ամիսներին հաքերները ակտիվորեն կիրառում են այդ հարթակները մարդկանց հաշիվները գողանալու համար։
«Քաղաքացիներ, արդեն մի քանի ամիս է, ինչ շարունակվում է Telegram ալիքների վրա ֆիշինգային հարձակումը։ Եվ, ցավոք, մարդիկ շարունակում են զոհ դառնալ, քանի որ նվերը գալիս է ծանոթ մարդուց»,- գրել է Մարտիրոսյանը։
Փորձագետը շեշտել է, որ հաքերները հաճախ ուղարկում են ծածկագրի պահանջով հաղորդագրություններ՝ պատճառաբանելով այն տարբեր նվերներ կամ ակցիաներ ստանալով։ Փորձագետի խոսքով՝ այդ ծածկագիրը օգտագործվում է զոհի հաշիվը նոր սարքում գրանցելու համար։
«Մի խոսքով՝ եթե ձեզ առաջարկվում է ցանկացած պատճառով ինչ-որ կայքում նշել կոդը, որը ձեզ ուղարկում են Telegram-ով կամ գալիս է հաղորդագրությամբ, ոչ մի դեպքում մի արեք դա։ Կոդն անհրաժեշտ է միայն մեկ բանի՝ ձեր հաշիվը նոր սարքում գրանցելու համար»,- ընդգծել է Մարտիրոսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում