Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին

Ադրբեջանում անազատության մեջ գտնվող անձանց դեկտեմբերին տեսակցել են ԿԽՄԿ ներկայացուցիչները, հնարավորություն է տրվել խոսելու հարազատների հետ։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ Հայաստանյան պատվիրակությունից։

Ավելի վաղ, Ամանորի նախաշեմին՝ դեկտեմբերի 30-ին, գերության մեջ գտնվող անձինք խոսել են հարազատների հետ։

Ադրբեջանական գերության մեջ գտնվողների թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչներ` Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Դեկտեմբերին հայտնի դարձավ, որ վերջինիս մեղադրանքները լրացվել են` նախատեսելով ընդհուպ ցմահ ազատազրկում:

Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել է, որ այս մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական դրդապատճառներ ունեն և ուղղված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ղեկավարների դեմ հաշվեհարդար տեսնելուն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում