Ալիևը ՀՀ ներխուժելու ծրագրի մասին է ազդարարում, պետք է հայտարարվի համազգային զորահավաք
Նմանատիպ
ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը անդրադարձել է Ալիևի հարցազրույցին, որտեղ վերջինս նոր սպառնալիքներ ու մեղադրանքներ է հնչեցրել ՀՀ հասցեին․
«Ադրբեջանի նախագահի ելույթն իր էությամբ քաղաքական հակամարտությունը ռազմական գործողություններով հանգուցալուծելու, մասնավորապես, մեր երկրի տարածք ներխուժելու ծրագիրն իրագործելու մասին ազդարարում է՝ մեր ազգի լիակատար ոչնչացման սպառնալիքն իրականություն դարձնելու հստակ մտադրությամբ։
Այն դեպքերում, երբ պատերազմում հաղթանակած երկրի միապետը չի ցանկանում խաղաղություն հաստատել, այլ՝ ընդհակառակը, ձգտում է ոչնչացնել պարտված երկրի ժողովրդին, ինչպես նաև զավթել այդ պետությունը՝ հռչակելով այն «ֆաշիստական պետություն», առաջնահերթ խնդիրը ներքին հասարակությանն ու ժողովրդին, ինչպես նաև միջազգային հանրությանը համախմբելն ու մոբիլիզացնելն է՝ կանխելու համար մեր երկրի հանդեպ ծրագրավորված ագրեսիան։
Այս իրավիճակում արտաքին սպառնալիքի դեմ միասնական ճակատ ստեղծելու համար առկա է հրատապ ու կամային որոշումներ կայացնելու և հստակ քայլեր իրականացնելու անհրաժեշտություն և պահանջ․․․ և ամենակարևորը՝ այդպիսի որոշումներ կայացնելու և քայլեր իրագործելու կարողություն ունեցող ազգային միասնության կառավարություն:
Ագրեսիային արդյունավետ դիմակայելու և ազգային գոյության ու ինքնիշխանության պահպանմանն ուղղված կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտաբար պետք է իրականացվեն, ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով․
1. Արտակարգ դրություն և մոբիլիզացիա
Մեր երկր առջև ծառացած գոյութենական խնդիրների հաղթահարման ու հանգուցալուծման համար երկրում պետք է հայտարարվի արտակարգ դրություն, իսկ զինված ուժերը պետք է բերվեն բարձր մարտական պատրաստվածության։ Միաժամանակ, պետք է նաև հայտարարվի համազգային լրիվ կամ մասնակի զորահավաք՝ պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների հստակ համագործակցությամբ սահմանապահ և սահմանամերձ համայնքների բնակչությանը սահմանների պաշտպանությանը ներգրավելու միջոցով։
2. Հանրային ներքին համախմբում
Ներքին համախմբման հիմքում հասարակության ու ժողովրդի զարթոնքն է, հանրային և քաղաքացիական գիտակցության արթնացումը։ Այս առումով կարևոր է լրատվամիջոցների, սոցիալական ցանցերի և ցանկացած հասանելի հաղորդակցման ուղիների միջոցով թշնամական երկրի սպառնալիքների և իրերի իրական վիճակի մասին օբյեկտիվ տեղեկատվության տարածումը:
Միաժամանակ, պետք է ստեղծել համակարգող հանձնաժողովներ, որոնց մեջ կլինեն ընդդիմության, քաղաքացիական հասարակության, մտավորականների, իրավաբանների, հասարակական գործիչների ներկայացուցիչներ։ Այս հանձնաժողովները պետք է աշխատեն բոլոր մակարդակներում գործողությունները համակարգելու ուղղությամբ:
3. Միջազգային մոբիլիզացիա
Միջազգային հանրությանը մոբիլիզացնելու համար անհապաղ դիվանագիտական միջոցներ են անհրաժեշտ։ Սա կարող է ներառել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու կոչ, միջազգային կազմակերպություններին (օրինակ՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ) աջակցություն և դիտորդներ ստանալու համար դիմում, ինչպես նաև ակտիվ աշխատանք միջազգային լրատվամիջոցների հետ՝ սպառնացող ագրեսիան լուսաբանելու և միջազգային աջակցություն ստանալու համար։
Կարևոր է նաև աշխատանքը միջազգային կոալիցիայի ստեղծման ուղղությամբ՝ տնտեսական պատժամիջոցներ և քաղաքական ճնշում գործադրելու ագրեսոր պետության նկատմամբ, ինչպես նաև դիվանագիտական ճնշում՝ ագրեսորին համաշխարհային հարթակում մեկուսացնելու համար։
4. Կոչ միջազգային գործընկերներին և դաշնակիցներին
Անհրաժեշտ է հրատապ կերպով վերաիմաստավորել և վերագտնել կապերը դաշնակից պետությունների հետ և ստանալ նրանցից երաշխավորված օգնություն։ Սա ներառում է դաշնակիցների ռազմական ուժերի հնարավոր տեղակայումը երկրի տարածքում՝ ագրեսիան զսպելու նպատակով և նրանց կողնիվ ռազմական օգնության տրամադրումը»
Հետևեք մեզ նաև Telegram-ում