Եվրոպական երկրներն Իլոն Մասկին մեղադրում են իրենց ներքին գործերին միջամտելու մեջ
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ամերիկացի գործարար Իլոն Մասկին մեղադրել է այլ երկրներում, մասնավորապես Գերմանիայում, ընտրություններին միջամտելու մեջ:
«Եթե տասը տարի առաջ ինչ-որ մեկը մեզ ասեր, որ աշխարհի ամենամեծ սոցիալական ցանցերից մեկի սեփականատերը կաջակցի նոր ռեակցիոն ինտերնացիոնալին և ուղղակիորեն կխառնվի ընտրություններին, այդ թվում՝ Գերմանիայում, մենք պարզապես կծիծաղայինք: Ով կպատկերացներ նման բան։ Մենք պետք է մտածենք, թե ինչ է տեղի ունենում այսօր։ Սա այն աշխարհն է, որում մենք ապրում ենք»,- հայտարարել է Մակրոնը։
Մինչ այդ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստերեն նույնպես հայտարարել էր Մասկի՝ այլ երկրների ներքին գործերին միջամտելու մասին:
Ավելի վաղ Մասկը կոչ էր արել քվեարկել բրիտանական Reform UK աջ պոպուլիստական կուսակցության օգտին՝ հայտարարելով, որ այն «միակ հույսն է»: Մինչ այդ կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաժը հայտարարել էր, որ Մասկի հետ հանդիպել է Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի կալվածքում: Նրա խոսքով՝ իրենք քննարկել են բրիտանական կուսակցության ֆինանսավորման հարցը, իսկ գործարարը կասկած չի թողել Ֆարաժի ճամբարին աջակցելու հարցում:
Մասկն առաջին անգամ չէ, որ կոչ է անում քվեարկել աջ կուսակցությունների օգտին։ Ավելի վաղ նա Welt թերթի համար հոդվածում գրել էր, որ «Այլընտրանք Գերմանիայի համար» աջ կուսակցությունը Գերմանիայի միակ քաղաքական ուժն է, որը կարող է փրկել երկիրը «իր նախկին ես-ի ստվերը» դառնալուց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում