«Պատասխան տվողները պիտի պատասխան տային». Սեյրան Օհանյանը՝ Ռիժկովի հայտարարության մասին

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

 

-Դուք հետևո՞ւմ եք Արցախում ընթացող  ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը,  եթե այո, ապա  ի՞նչ եզրահանգման եք եկել:

-Ես գալիս եմ այն եզրահանգման, որ դատավարությունը վարվում է միջազգային նորմերին համապատասխան: Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ինքը՝ որպես ժողովրդավարական երկիր, նաև դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է տարածաշրջանում: Եվ դատավարության ընթացքում իրենք իրենց պատիժը պետք է պարտադիր ստանան:

-Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ Փարիզում տեղի ունեցած հանդիպմանը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև   պայմանավորվածություն եղավ ղարաբաղյան կոնֆլիկտի արդյունքում անհետ կորածների մասին տեղեկատվության փոխանակման շուրջ, որն ի կատար է ածվելու Կարմիր խաչի հովանու ներքո: Դուք սրանից հետո որևէ տեղաշարժ ակնկալո՞ւմ եք, օրինակ, երկու երկրների գերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովների հանդիպում, որը մինչ օրս Ադրբեջանի պատճառով չի կայացել: (Times.am)

-Առաջընթաց այդ գործընթացում ակնկալելը չափազանց դժվար է պետական, իշխանական կապերի բացակայության պատճառով: Մենք մեկս մյուսի հետ աշխատում ենք միջազգային կառույցմների միջոցով: Եթե այդպիսի առաջընթաց մենք ունենանք, անկասկած, կլինի նաև արդյունք: Հիմա ճիշտն ասած ակնկալել այդպիսի առաջընթաց, երբ ընդհանուր բանակցային գործընթացում  խոսքից, բանակցություններում  արված հայտարարությունից բացի գործնականում ոչինչ չենք տեսնում: Հաջողությունների առաջին նախապայմանը վստահության ամրապնդման միջոցառումներն են։ Եվ հանդիպման օրերին, նաև մի քանի օր առաջ լարված էր իրավիճակը, այսինքն՝ կրակոցների թիվը շատացել է։ Եթե մեր հարևանները գիտակցեն, որ վստահություն պետք է լինի երկու երկրների միջև, դրանից հետո միայն մնացած հաջողությունները կլինեն:

– Երկու երկրների հասարակությունները պատրաստ  կամ պատրաստվա՞ծ են սրան, ինչպե՞ս եք պատկերացնում  ձեր նշած  վստահության մթնոլորտի ստեղծումը:

-Դա վերաբերում է սահմաններում մի քանի միջոցառումների իրականացմանը, որոնք զերծ կպահեն լարվածության մթնոլորտի ստեղծումից: Դա  դիպուկահարներին հետ քաշելն է, դիվերսիոն- հետախուզական գործողուիթյունները  բացառելը, ինչպես նաև միջազգային հետաքննությունների անցկացումը, որպեսզի բացահայտի, թե որ կողմն է խախտողը՝ հետագայում համապատասխան որոշումներ ընդունելու համար: Ինչ վերաբերում է վստահության մթնոլորտի ստեղծմանը երկրի ներսում, ապա ամենամեծ բուժիչ գործոնը դա ժամանակն է: Մենք միշտ կողմնակից ենք եղել վստահության ամրապնդմանը և միշտ բացասական պատասխան ենք  ստացել մեր հարևանի, մեր հակառակորդի  կողմից: Մի քանի անգամ միակողմանի մենք նման միջոցառումներ իրականացրել՝ չենք պատասխանել ոչ մի կրակոցի,  ինչպես նաև մեր կողմից միակողմանի հետաքննության անցկացման միջոցառումներ են եղել: Այն փաստերը, որոնք մեր տարածքում և մեր դիրքերում են, այն սպառազինությունը և հանդերձավորման միջոցները մենք չէինք կարող  հավաքել և նկարահանել հակառակորդի տարածքում:

-Խոսում ենք ոչ մի թիզ հող չտալուց, բայց բանակցային սեղանին դրված են Մադրիդյան սկզբունքները, որոնք շրջանների վերադարձ են նախատեսում:

-Ես կարծում եմ, որ մեր հարցերի լուծման վերջնագծում երկխոսության, փոխադարձ վստահության պայմանների ստեղծումն է և այդ պայմանների ընթացքում  պետք է կարողանանք  հիմնավորել այն իրավիճակը, որը գոյություն ունի: Եվ յուրաքանչյուր փոփոխություն պետք է ռազմական փորձագիտական գնահատականի արժանա: Իսկ  եթե Արցախին մի վտանգ սպառնա, անկասկած, յուրքանչյուր թիզ հողի համար պայքարելու ենք:

– ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը օրերս իր խոսքում  կասկածի տակ դրեց ըստ էության Արցախի կարգավիճակը՝ ասելով, թե այն դեռ պետք է հստակեցվի, իսկ Ղրիմը պատմականորեն ռուսական հող է: Չե՞ք կարծում, որ մեր մեղավորությունը կա այստեղ. մեր հողում, մեր երկրում օտարը նման հայտարարություններ է անում և անգամ պատասխան չի ստանում: (Times.am)

-Գնահատական տալն այս կամ այն մարդու  կարծիքին գտնում եմ, որ…պատասխան տվողները պիտի պատասխան տային: Բայց Ռիժկովի խոսքում նշված էր նաև  ցանկությունը, որ  այդ տարածքները լինեն  հայկական:

-Առջևում ձմեռային զորակոչն է, ինչ սխալներ են եղել նախորդում, որոնք այս անգամ սրբագրվել կամ ուղղվել են, չեն լինի: (Times.am)

-Ակնհայտ է, որ զորակոչի ողջ գործընթացը տարեցտարի կատարելագորվծում է: Սա լոկ ռազմական գերատեսչության կամ իմ խոսքերը չեն, մեր հանրությունն է դրա մասին խոսում: Իսկ ինձ համար՝ որպես անձնավորության, այդ հարցը սկզբունքային է, այն է՝ մաքսիմալ ազվության և արդարության պայմաններ ստեղծել, որ հայ զինվորը, հայ քաղաքացին, հայ տղամարդն այսպես ասած՝ վաճառքի չենթարկվի, ինքը ինքնակամ գնա և հայրենասիրությունից տոգորված հայրենիքի հանդեպ իր պարտքը տա: Նախկին զորակոչների ընթացքում, անկասկած, եղել են թերություններ, բացթողումներ, որոնք վերաբերում են տարբեր հանձնաժողովների աշխատանքների արդյունքում հայտնաբերված  փաստաթղթերի ոչ լիարժեք առկայությանը, բժշկական գործընթացում որոշակի թերություններին, որովհետև արդեն հավաքակայանում բաշխումը մաքսիմալ արդար է լինում, վիճակահանությամբ ենք ուղարկում նորակոչիկին զորամասեր: Հունվարին է զորակոչը և այդ ընթացքում մենք մաքսիմալ  համագործակցելով իրավապահ մարմինների և վերահսկիչ  տարբեր կառույցների հետ, կապահովենք զորակոչը:

ՄԱՐԻԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում