Ն. Զոհրաբյան. «Ժառանգությունը» սեփականաշնորհում է այլոց նախաձեռնությունները
Նմանատիպ
«Կարծում եմ, ԲՀԿ-ն այլևս չպետք է միանա որևէ նախաձեռնության, որևէ ձևաչափի, որտեղ կլինի «Ժառանգության» մասնակցությունը»,-Panorama.am-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը’ անդրադառնալով «Ժառանգությունից» իրենց կուսակցության հասցեին հնչող քննադատություններին:
Ն. Զոհրաբյանը նշեց, որ վերջին երկու օրերին շատ էին խոսակցություններն այն մասին, թե ի վերջո ո՞ւմ է պատկանում այդ նախաձեռնությունը. «Նախ, ինձ համար հասկանալի չէ նման հարցի շուրջ հեղինակային իրավունքի վիճարկումը, սակայն եթե նման հարց իրապես առաջացել է, ապա պետք է ասեմ, որ նախաձեռնությունն իհարկե ՀԱԿ-ինն է: «Ժառանգությունը», ինչպես միշտ, սովոր է այլոց նախաձեռնությունները սեփականաշնորհել և, կարծում եմ, խորհրդարան նոր ոտք դրած ՀԱԿ-ը ժամանակի ընթացքում կսովորի «Ժառանգության» տարբեր անակնկալներին»,- նշեց պատգամավորը:
Զոհրաբյանն անդրադառնալով ստորագրահավաքին զուգահեռ «Ժառանգության» անդամներ Զարուհի Փոստանջյանի ու Ռուբեն Հակոբյանի կողմից ԱԺ դարպասների մոտ ԲՀԿ-ի հասցեին հնչեցրած քննադատություններին, ասաց, թե դրանք իր համար կանխատեսելի էին:
«Կրկնում եմ, ինձ համար «Ժառանգության» անդամների գործելաոճը մշտապես եղել է կանխատեսելի, քանզի նրանք մշտապես գործել և գործում են խիստ ուղղորդված ծրագրի շրջանակներում: «Ժառանգությունը» ինքնուրույն քաղաքական ուժ չէ, նրանք ընդամենը կատարողներ են, որոնք, ինչպես կարողանում են, կատարում են իրենց վրա իջեցված հանձնարարականը: Ուստի, ես երբեք էլ հարկ չեմ համարել անդրադառնալ «Ժառանգությանը», քանզի կառավարվող ուժերը ինձ երբեք չեն հետաքրքրել:
Հիմա «Ժառանգությունը» նոր հանձնարարական ունի’ հանրության ուշադրությունը, հասարարկական շարժումն ու ընդվզումը շեղել և տեղափոխել այլ դաշտ, այլ ուղղությամբ, ինչը, նրանց, բնականաբար, չի հաջողվի: Եվ առհասարակ կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է քննարկի այսուհետ միանա՞լ որևէ նախաձեռնության, որևէ ձևաչափի, որի տակ կլինի այդ խմբակցությունից որևէ մեկի ստորագրությունը, թե՞ ոչ: Իմ անձնական կարծիքն է, որ պետք չէ միանալ»,-ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ձևաթղթի տակ այդպես էլ չստորագրեց, մինչդեռ քննադատություն էր հնչում Գագիկ Ծառուկյանի չստորագրելու առումով, Ն.Զոհրաբյանը ընդգծեց. «Րաֆֆի Հովհաննիսյանը, իհարկե, քաղաքում է, նա հրաժարվել է ստորագրել ձևաթղթի տակ, պատճառաբանելով, որ ինքը դեռ չի որոշել’ վերցնե՞լ պատգամավորական մանդատը, թե ոչ և այդ հարցը կորոշի սեպտեմբերին»:
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ստորագրահավաք էր իրականացվում հրավիրելու Աժ արտահերթ նստաշրջան «2012թ. հունիսի 17-ին Երևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում պաշտպանության նախարարության մի խումբ սպաներին դաժան ծեծի ենթարկելու, նրանցից մեկին մահ պատճառելու հանգամանքների ուսումնասիրության նպատակով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ձևավորելու ԱԺ որոշում ընդունելու մասին» օրակարգով: Անհրաժեշտ 44 ստորագրության փոխարեն 21 ստորագրություն հավաքվեց:
Ձևաթղթի ներքո ստորագրել են’
Ստեփան Դեմիրճյանը, Հայ ազգային կոնգրես
Նիկոլ Փաշինյանը, Հայ ազգային կոնգրես
Արամ Մանուկյանը, Հայ ազգային կոնգրես
Լյուդմիլա Սարգսյանը, Հայ ազգային կոնգրես
Լևոն Զուրաբյանը, Հայ ազգային կոնգրես
Ռուբեն Հակոբյանը, «Ժառանգություն»
Ալեքսանդր Արզումանյանը, «Ժառանգություն»
Զարուհի Փոստանջյանը, «Ժառանգություն»
Հրանտ Բագրատյանը, Հայ ազգային կոնգրես
Գագիկ Ջհանգիրյանը, Հայ ազգային կոնգրես
Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ
Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ
Վարդան Օսկանյանը, ԲՀԿ
Տիգրան Ուրիխանյանը, ԲՀԿ
Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ
Էլինար Վարդանյանը, ԲՀԿ
Վահան Հովհաննիսյանը, ՀՅԴ
Ստեփան Մարգարյանը, ԲՀԿ
Վահան Բաբայանը, ԲՀԿ
Խաչատուր Քոքոբելյանը, «Ժառանգություն»
Վահե Հովհաննիսյանը, ԲՀԿ: