Ո՞ր երկրներն են պատրաստ հարթակ տրամադրել Պուտին-Թրամփ հանդիպման համար
Նմանատիպ
Շվեյցարիան պատրաստ է ընդունել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը, սակայն այս պահին չի աջակցում այդ կապակցությամբ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ շփումներին: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Շվեյցարիայի ԱԳՆ հաղորդակցությունների բաժնի ղեկավար Նիկոլա բիդոն:
Ավելի վաղ Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Սուտերը Վլադիմիր Զելենսկուն հեռախոսազրույցում ասել էր, որ Բեռնը պատրաստ է միջնորդ լինել խաղաղության գործընթացում:
«Բյուրգենշտոկի գագաթնաժողովից հետո Ուկրաինան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն պարբերաբար տեղեկացվել են խաղաղության հաստատմանն ուղղված ցանկացած դիվանագիտական ջանքերին աջակցելու մեր պատրաստակամության մասին: Այս պահին մենք որևէ կողմի հետ կոնկրետ շփումներ չենք պահպանում Ուկրաինայում խաղաղության հետ կապված որևէ գործունեության վերաբերյալ»,-պատասխանել է նա այն հարցին, թե արդյո՞ք Շվեյցարիան պատրաստ է ընդունել Թրամփի և Պուտինի հնարավոր հանդիպումը:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն իր հերթին TV Pink-ի եթերում Սերբիան առաջարկել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման և բանակցությունների վայր:
«Առաջին անգամ առաջարկում եմ, որ Սերբիան դառնա ՌԴ և ԱՄՆ նախագահների հանդիպման վայրը։ Սերբիան պաշտոնապես չի անդամակցում ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ ՀԱՊԿ-ին, ինքնուրույն և անկախ երկիր է, որը լիովին պատրաստ է երաշխավորել երկու նախագահների լիակատար անվտանգությունը»,- հայտարարել է Վուչիչը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում