Որտե՞ղ է շտապում Վաշինգտոնը․ «Ոսկանապատ»

Որտե՞ղ է շտապում Վաշինգտոնը․ «Ոսկանապատ»

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կտորագրեն Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, գրում է «Ոսկանապատը»-ը։

Թեև վերջին շրջանում մամուլում շրջանառվում էր նման փաստաթուղթ ստորագրելու մասին տեղեկությունը, այնոամենայնիվ կողմերը դրա մասին բացահայտ չէին խոսում՝ Միրզոյանը խուսափողական պատասխաններ էր տալիս, իսկ Պետքարտուղարությունից ընդամենը 5 օր առաջ այդ առնչությամբ նշել էին, որ Վաշինգտոնն «այս պահին դիտարկելու կամ հայտարարելու որևէ բան չունի»։

Ակնհայտ է, որ հարցը քննարկվել է շտապ ռեժիմում և ընդամենը երեկ է հայտնի դարձել, որ Արարատ Միրզոյանը կմեկնի ԱՄՆ։

Տեղեկությունը, որ Հայաստանն ու Միացյալ Նահանգները Վաշինգտոնում փաստաթուղթ են ստորագրելու, դեռևս մեկ շաբաթ առաջ ԱՄՆ մայրաքաղաքից հրապարակել էր «Հանուն Հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ պնդելով, թե համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Այն փաստը, որ ռազմավարական գործընկերության նոր փաստաթուղթ ստորագրելու՝ այն էլ այնպիսի երկրի հետ, ինչպիսին ԱՄՆ-ն է, մասին լուրը հանրությանը հայտնի է դառնում ոչ թե պաշտոնական աղբյուրներից, այլ Հայաստանում գործող հինգերորդ շարասյան կողմից, ինքնին արդեն բավական խոսուն է։ Դա առնվազն վկայում է արտաքին թելադրանքի մասին։

Իհարկե, վստահ ենք, որ ՀՀ ներկայիս իշխանություններին նման «մանրուքները» չեն հուզում և նրանք մեծ հաճույքով են ստորագրելու այդ փաստաթուղթը, բայց միևնույն է ամենակարևոր հարցը բաց է մնում՝ իսկ ի՞նչ հաշվարկ է դրված այդ որոշման հիմքում։ Եվ ո՞վ է արել այդ հաշվարկները։

Իսկ թե ի՞նչ արդյունք կամ հետևանք կունենա ԱՄՆ հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը, ցույց կտա ժամանակը։ Մեկ բան հստակ է՝ պատերազմի շեմին կանգնած Հայաստանի իշխանությունները շարունակում են առաջնորդվել ոչ թե մեր երկրի անվտանգային շահերով, այլ արտաքին թելադրանքով։ Վստահ ենք՝ Ադրբեջանը շատ արագ կարձագանքի այսօր երեկոյան ստորագրվելիք փաստաթղթին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում