«Քովիդի գործով» մեղադրյալները հույսը դրել են Արսեն Թորոսյանի վրա․ «Ժողովուրդ»
Նմանատիպ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականին՝ կորոնավիրուսի շրջանում, ենթադրյալ չարաշահումների գործով հակակոռուպցիոն դատարանում քննվող գործի մեղադրյալները հույսը դրել են ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանի վրա։ Մասնավորապես, մեղադրյալները սպասում են, որ նա կգնա դատարան ու ցուցմունք տալով կապացուցի, թե ինչ ապօրինի գործ են հարուցել իրավապահ մարմինները, ու իր ենթակայության տակ գործող պաշտոնյաները ինչքան անմեղ են: Ասել է թե՝ «քովիդի գործով» մեղադրյալները հույս ունեն, որ Թորոսյանը, ինչպես ճողոպրեց այս քրեական գործից որպես ենթադրյալ մեղադրյալ, նույնպես եւ դատարանից չոր դուրս կգա:
Հայտնել էինք, որ հակակոռուպցիոն դատարանում սկսվել է վկաների հարցաքննության փուլը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն դատարան հարցաքննության կհրավիրվի առողջապահության նախկին նախարար, ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը, ով այս չարաշահումների գործով վկայի կարգավիճակով մեկ անգամ արդեն հարցաքննվել է:
Կորոնավիրուսի շրջանի ենթադրյալ չարաշահումների գործով անցնողներն են առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը եւ այլ անձինք: Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի՝ Գեւորգ Սիմոնյանը, պատասխանատու լինելով պետական ֆինանսավորման բաշխման համար, քավոր-սանիկական կապ ունենալով «Մեդլայն» կլինիկայի տնօրենի հետ, բավարար վերահսկողություն չի իրականացրել, ինչի հետեւանքով Բաբկեն Շահումյանը հափշտակել է շուրջ 120 միլիոն դրամ։ Ըստ իրավապահների՝ պատասխանատուները բուժվողների վերաբերյալ «Մեդլայն կլինիկի» տրամադրած կեղծ տվյալները չեն համադրել բուժառուների փաստացի առողջական վիճակի հետ ու չեն արձանագրել անհամապատասխանությունները:
Նկատենք, որ Արսեն Թորոսյանը նպատակ ունի «մաքրել» իրեն ու ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահ ընտրվել ՔՊ ձայներով. այսինքն՝ նոր պաշտոն ստանալ:»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում