Տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է ապակայունացնել իրավիճակը․ Իրանի նախագահ
Նմանատիպ
Այսօր՝ հունվարի 17-ին, Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը բանակցությունները։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Օրակարգը ներառում է թեմաների լայն շրջանակ, այդ թվում՝ Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, զարգացումները Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում և պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում։ Կքննարկվի նաև իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը։
Բացի այդ, նախագահները կխոսեն երկկողմ համագործակցության ընդլայնման մասին՝ առևտրի, ներդրումների, տրանսպորտի, լոգիստիկայի և հումանիտար ոլորտներում։ Բանակցությունների ավարտին Պուտինն ու Փեզեշքիանը կստորագրեն Ռուսաստանի և Իրանի միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը և հայտարարություններ կանեն լրատվամիջոցների համար։
«Իհարկե, միջազգային օրակարգի վերաբերյալ մեր խորհրդակցությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ, իհարկե, տարածաշրջանում»,- ասել է ՌԴ ղեկավարը՝ ողջունելով հյուրին։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և Իրանի միջև այսօր ստորագրվելիք Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը խթան կհանդիսանա բոլոր ոլորտներում գործնական համագործակցության համար։
Իրանի նախագահի համոզմամբ՝ տարածաշրջանում երրորդ ուժերի ներկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը։
Նա ընդգծել է ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով հարաբերությունների զարգացման կարևորությունը։
«Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը ամուր հիմք կհանդիսանա առաջ շարժվելու համար»,- ասել է Փեզեշքիանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում