Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»

Ֆեյք տարածող Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը. նոր վարույթ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընդդիմադիր գործիչների կողմից Փաշինյանի ֆեյքերի ֆաբրիկայի գլխավոր ֆեյք հռչակված Տարոն Չախոյանի նկատմամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել։

Ըստ «Օրագիր news»-ի՝ «Էթիկայի հանձնաժողովը տեղյակ չէ Տարոն Չախոյանի վիրավորական գրառումից» վերտառությամբ հրապարակման՝ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը Facebook սոցիալական կայքի իր էջում կատարել է հետեւյալ բովանդակությամբ գրառում. «Ամեն հաչացող շան վրա պետք չէ քար նետել։ Մեքենայի հետեւից վազող շունն էլ է հաչում, բայց չի նշանակում, թե կարող է նստել ղեկին ու քշել։ Սա ի պատասխան այն հարցմանը, թե ինչու չեմ արձագանքում իմ հասցեին էժան ստերին։ Մի քանի ծակ դաշնակի կաղկանձոցը ապացույց է, որ ամեն շնագայլ իր տեղում է»։

Ուսումնասիրության արդյունքում Հանձնաժողովն արձանագրել է, որ Տ. Չախոյանի վարքագիծը պարունակում է նշված կանոնի առերեւույթ խախտում, քանի որ սոցիալական մեդիայում վիրավորական արտահայտություններ պարունակող հրապարակման կատարումը առերեւույթ կերպով կարող է հանգեցնել հանրային իշխանության հեղինակազրկման կամ հեղինակության արատավորման։

Ըստ այդմ՝ Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ հարուցել վարույթ։

Հիշեցնենք, որ խոսքը նույն Տարոն Չախոյանի մասին է, որի առնչությամբ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը դիմել է ուժային կառույցների ղեկավարներին՝ հայտարարելով, որ նա ստախոս է եւ սուտ մատնության համար պետք է պատասխանատվություն կրի: Կարճ ասած՝ ֆեյք տարածող պաշտոնյա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում