Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ գործարքի․ Թրամփ

Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ գործարքի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հնարավորինս շուտ հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ նշելով, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է գործարքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թրամփն ասել է Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում։

«Երբ ես լսեմ, որ Պուտինը կցանկանար հանդիպել ինձ հետ, մենք հնարավորինս շուտ կհանդիպենք։ Ես անմիջապես կհանդիպեմ։ Ամեն օր, երբ մենք չենք հանդիպում, զինվորներ են զոհվում մարտի դաշտում», – ասել է Թրամփը։

ԱՄՆ նախագահը նաև հաստատել է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իրեն անձամբ ասել է, որ կցանկանար բանակցել։

«Այո, իհարկե, նա պատրաստ է բանակցել։ Նա ցանկանում է դադարեցնել (խմբ.՝ պատերազմը)։ Նա շատ զինվորներ է կորցրել, Ռուսաստանը՝ նույնպես: Ռուսաստանն ավելի շատ զինվորներ է կորցրել», – ասել է Թրամփը՝ նշելով, որ Ռուսաստանի կորցրած զինվորների թիվը կազմում է 800 000։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում տեսակապով ելույթի ընթացքում ևս, ըստ The Hill պարբերականի, Թրամփը նշել է, որ ցանկանում է հանդիպել Պուտինի հետ և վերջ դնել պատերազմին։ Երբ պանելային քննարկման ժամանակ Թրամփին հարցրել են՝ արդյոք հաջորդ տարի այս ժամանակ կլինի խաղաղության համաձայնագիր Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, նա հստակ պատասխան չի տվել։

«Պետք է Ռուսաստանին հարցնեք։ Ուկրաինան պատրաստ է գործարք կնքել», – ասել է Թրամփը։

Նա նաև հույս է հայտնել, որ Չինաստանը կարող է օգնել վերջ դնել ռուս-ուկրաինական հակամարտությանը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Պեկինը «մեծ ազդեցություն ունի այդ իրավիճակի վրա»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում