Ադրբեջանական քարոզչության օգտին աշխատող կազմակերպությունն ակտիվացել է Սյունիքում
Նմանատիպ
Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում մշակվում է «շրջակա միջավայրը թունավորող Հայաստանի հանքարդյունաբերության» գործունեության ազդեցությունն արտացոլող թվային քարտեզ։ Ադրբեջանական «Environmental Protection First» կոալիցիան մշակում է նոր թվային քարտեզ 2024թ․ իր կողմից ստեղծված ադրբեջաներեն, անգլերեն և հայերեն լեզուներով «Հայաստանի Հանրապետության հանքահումքային ռեսուրսները» քարտեզի հիման վրա:
Հաշվի առնելով ադրբեջանական մեդիայում վերջին երեք տարիներին կազմակերպված քարոզչությունը ՀՀ-ում գործող հանքարդյունաբերական ընկերությունների դեմ՝ սա ոչ առաջին, ոչ էլ վերջին նյութն է այս թեմայով։ Եվ այս ամենով հանդերձ շատ մտահոգիչ է, որ Հայաստանում գործող որոշ կազմակերպություններ իրենց գործողություններով ակնհայտ նպաստում են ադրբեջանական այդ քարոզչության առաջմղմանը իսկ պատկան մարմինները պարզապես նիրհի մեջ են։
Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստան ավելի քան 6 անգամ արդեն այցելած եւ այդ առումով «հետախուզական» նպատակների տպավորություն թողնող չեխական «Առնիկա» կազմակերպությունը՝ «Հայաստանի հանքարդյունաբերական տարածքների էկոլոգիական վերափոխում» ծրագրի շրջանակում շրջել էր Սյունիքի մարզում։
«Առնիկայի» ծրագրերի հայաստանյան համակարգողը Էկոլուր ՀԿ-ի կայքում հրապարակված հոդվածում նշել է, որ Չեխիայի արդյունաբերական քաղաքներից մեկում ավելի քան 200 տարի ածուխ է արդյունահանվում և հատվել են անտառներ, իսկ ներկայում այդ քաղաքը կանաչ վերափոխման ուղու վրա է, և այդ քաղաքի փորձն ուզում են ներդնել Հայաստանում։
Ինչ խոսք, այդ նպատակները գուցե կարելի է բարի անվանել, եթե չլիներ Ադրբեջանի նպատակներին ծառայող ենթատքեստը՝ փակել Հայաստանի հանքերը, փոխարենը Հայաստանը սարքել ինդուստրիա չունեցող ագրարային երկիր՝ մինչ Ադրբեջանը նավթ ու գազ է արդյունահանում։ Առնիկան, իհարկե, չի խոսի այն մասին, որ Չեխիայում շարունակում են ուրան եւ այլ միներալներ արդյունահանել։ «Առնիկան» նաեւ որեւէ ուսումնաիրություն չի անցկացնի օրինակ, հարևան Ադրբեջանում, որտեղ, ինչպես պարզվել է անցած դեկտեմբերին, Շեքիում մոտ 800 հա անտառածածկ տարածք է ոչնչացվել։ Չմոռանանք նաև Ադրբեջանի նավթարդյունաբերական Ապշերոնյան թերակղզու մասին։ Դեռևս 15 տարի առաջ Ադրբեջանի Բնապահպանության և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ բնապահպանական առումով այն Ադրբեջանի ամենաաղտոտված շրջանն է (թերակղզու ընդհանուր տարածքը 33․000 հա է, որից 10․600-ը՝ աղտոտված է նավթով)։
Փաստացի՝ «Առնիկան» կամ որեւէ գրատնային կազմակերպություն տարածաշրջանայաին բնապահպանության «փրկության» համար ոչ թե Հայաստան այլ Ադրբեջան պետք է գնա։ Բայց «որբի գլուխն» ինչպես միշտ Հայաստանն է, իսկ տեղական «վարսավիրները» բնապահպանների տեսքով, կարծես չեն խորշում օտարերկրյա անհասկանալի կազմակերպությունների քմահաճույքին Հայաստանը հանձնելու գործում մասնակցությունից։ Իսկ գուցե չեխական կազմակերպության նպատակը Ադրբեջանին մեր հանքարդյունաբերության մասին տվյալների փոխանցումն է։ Այս ամենը լուրջ մտահոգություն է առաջացնում, սակայն այս խնդիրները տեղ չեն գտնում մեր Արտաքին հետախուզական ծառայության «ռիսկերի» մասին զեկույցներում։ «Փաստինֆո»-ն հարցումներ է ուղարկել Չեխիայի եւ Հայաստանի իրավասու մարմիններին՝ պարզելու, թե արդյոք չեխական կառավարության կողմից նաեւ Ադրբեջանում է իրականացվում էկոլոգիական վերափոխման ծրագիր, քանզի Հայաստանում իրականացվող այդ ծրագիրը, կարծես թե, ֆինանսավորվում է նաեւ Չեխիայի կառավարության կողմից, եւ ինչպես է այդ ծրագրին վերաբերում ՀՀ ԱԳՆ-ն ու արդյոք մտավախություն չունեն, որ Հայաստանի տարածքում նման շրջայցերի արդյունքում ձեռք բերված տվյալները կարող են հասանելի դառնալ նաեւ ադրբեջանցիներին ու օգտագործվել ընդդեմ Հայաստանի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում