Եվրամիությունը տեղյակ չէ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին

Նմանատիպ
Բրյուսելը դեռ տեղյակ չէ Եվրամիությունից ապրանքների ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի մտադրության մասին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Օլոֆ Գիլը։
«Եվրամիությունը ցավում է Կանադայի, Մեքսիկայի և Չինաստանի դեմ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի որոշման համար։ Մենք առայժմ տեղյակ չենք ԵՄ-ից ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մասին»,- ասել է նա․-«Մեր տեսանկյունից, տուրքերի ներդրման համապարփակ միջոցառումները մեծացնում են ծախսերը բիզնեսի համար, վնասում են աշխատողներին և սպառողներին, ստեղծում են անհարկի տնտեսական ցնցումներ և արագացնում գնաճը: Այդ իմաստով դրանք վնասում են բոլոր կողմերին»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 1-ին հրամանագիր է ստորագրել Կանադայից, Չինաստանից և Մեքսիկայից ներկրվող ապրանքների նկատմամբ սակագներ կիրառելու մասին: Փաստաթղթի համաձայն՝ 25 տոկոսի չափով մաքսատուրքեր են սահմանվել Մեքսիկայից և Կանադայից ներմուծման նկատմամբ։ 10 տոկոսը Կանադական էներգառեսուրսների նկատմամբ, իսկ 10 տոկոսի չափով ըրացուցիչ սակագներ էլ՝ ՉԺՀ-ից ապրանքների համար։
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ Եվրամիությունը հաստատակամորեն կպատասխանի Միացյալ Նահանգներին, եթե Վաշինգտոնը մաքսատուրքեր սահմանի եվրոպական ապրանքների վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում