Կանադական օդուժն առաջին հարվածներն է հասցրել «Իսլամական պետության» դիրքերին

Կանադական օդուժն Իրաքում առաջին հարվածներն է հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դիրքերին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են Կանադայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում:

«Կանադական F-18 կործանիչներն առաջին հարվածներն են հասցրել ԻՊ-ի զինյալներին: Բոլոր անձնակազմերը բարեհաջող վերադարձել են ռազմակայան»,- ասել են պաշտպանության նախարարությունում:

Ընդամենը ԻՊ-ի դեմ պայքարելու համար վարչապետ Սթիվեն Հարփերի կառավարությունը ուղարկել է F-18 վեց կործանիչ, CP-140 Aurora երկու հետախույզ ինքնաթիռ եւ Airbus CC-150 Polaris մեկ լցավորիչ ինքնաթիռ: Կանադական զորակազմը տեղավորվել է Քուվեյթի ավիաբազայում, որտեղ նաեւ 600 զինծառայողներ են գտնվում «օդուժի առաքելությանն աջակցելու համար»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է Հարփերը, կանադական օդուժը իսլամիստների դիրքերը ռմբակոծելու է միայն Իրաքի տարածքում: Նա ընդգծել է, որ երկրի զինծառայողները չեն մասնակցի հնարավոր ցամաքային գործողությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում