Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունը

Նմանատիպ
Այսօր Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ դատավարությունը: Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք՝ վերջին նիստում սկսվել է 2023 թվականի առևանգված և ապօրինի կալանք կրող Վարդանյանի դեմ շինծու գործով «մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը»։ Նախորդ նիստում դատախազն ընթերցել է «մեղադրական եզրակացությունը», ըստ որի Վարդանյանին առաջադրված մեղադրանքները սկսվում են 1988 թվականից, երբ նա դեռ Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր:
Վարդանյանի պաշտպանի կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները մերժվել են: Մինչև հիմա Արցախի նախկին պետնախարարի համար բանավոր թարգմանվել է մեղադրական եզրակացության և «ապացույցների» հինգ տոկոսից էլ քիչ մասը։ Իսկ նրա տեղի փաստաբանը կարողացել է ուսումնասիրել նյութերի միայն 20 տոկոսը:
Բացի այդ, նախորդ նիստին Ռուբեն Վարդանյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարանի կողմից նշանակված թարգմանչին բացարկ հայտնելու մասին, այն բանից հետո, երբ նրա թարգմանած փաստաթղթերում հայտնաբերվել են լուրջ անհամապատասխանություններ:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացված է: Արցախի նախկին նախագահների և մյուսների գործի հաջորդ նիստը փետրվարի 11-ին է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում