Սուրմալու տոնավաճառի տնտեսվարողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց

Նմանատիպ
Սուրմալու տոնավաճառի տնտեսվարողները բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով արդար հարկային բեռ։
Տոնավաճառի տնտեսվարողներից Իրինան լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ փորձել են իրենց համոզել, թե նոր հարկային համակարգը բիզնեսի համար ձեռնտու կլինի։ Մասնավորապես, առաջարկվել է նոր հարկային սանդղակ, որը, ըստ պատասխանատուների, կնվազեցնի ծախսերը, այդ թվում՝ տարածքի և էլեկտրաէներգիայի վճարները։
Տնտեսվարողներն, այնուամենայնիվ, նշում են, որ նոր համակարգն իր հետ բերում է լրացուցիչ ծախսեր։ «Մեզ առաջարկում են փաստաթղթաշրջանառություն ապահովել, ինչը նշանակում է, որ պետք է հաշվապահ վարձենք, սակայն եռամսյակային հաշվետվությունների պահանջը լրացուցիչ ֆինանսական բեռ է դնում մեզ վրա, որը մեր եկամուտների հետ համեմատած՝ անհիմն ծանրաբեռնվածություն է ստեղծում»,- ասում է տնտեսվարողը։
Բողոքի մասնակիցները հանդիպման ընթացքում առաջարկել են, որ հարկային փոփոխությունների կիրարկումը սկսվի խոշոր բիզնեսներից: «Եթե այս փոփոխությունները իսկապես բխում են տնտեսության շահերից, ապա թող առաջին հերթին խոշոր բիզնեսը դրանք կիրառի։ Խոշորները գրագետ հաշվապահներ ունեն, ավելի հեշտ կհարմարվեն, իսկ մանրածախին ժամանակ է պետք ադապտացման համար»,- ընդգծել են տնտեսվարողները։
Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ եթե հարցը պատշաճ կերպով չքննարկվի, ապա հնարավոր է, որ մանրածախի դուրսմղումը շուկայից միտումնավոր է․ «Եթե այս հարցը քննարկման չդնեն, կնշանակի, որ սա արվում է դիտավորյալ, որպեսզի մանրածախ առևտուրը դուրս գա ոլորտից։ Իսկ թե դա ինչ ազդեցություն կունենա միջին խավի վրա, դժվար է կանխատեսել»։
Տնտեսվարողները պատրաստ են շարունակել իրենց պայքարը և պահանջում են, որ իշխանությունները հաշվի առնեն մանրածախի շահերը՝ նախքան հարկային քաղաքականության փոփոխությունները կյանքի կոչելը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում