ԼՂՀ փոխվարչապետը հանդիպել է համայնքապետերի համար անցկացվող դասընթացների մասնակիցներին

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նոյեմբերի 3-ին ողջունել է համայնքների ղեկավարների համար կազմակերպվող շարունակական դասընթացների այս տարվա վերջին խմբի մասնակիցներին: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը կարևորել է կառավարության նախաձեռնությամբ անցած տարի մեկնարկած ծրագիրը՝ համայնքների ղեկավարների գիտելիքների ամրապնդման, օրենսդրական դաշտի փոփոխություններին ու լրացումներին ծանոթանալու, համայնքային նշանակության խնդիրներն ի մի բերելու և ընդհանուր լուծումներ գտնելու տեսանկյուններից: Արթուր Աղաբեկյանի համոզմամբ` ստանալիք գիտելիքներն իրենց ազդեցությունն են թողնելու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման և կառավարման արդյունավետության բարձրացման գործում:

Փոխվարչապետը համայնքապետերին խորհուրդ է տվել դասընթացների ժամանակ լինել ակտիվ և ստանալ իրենց հուզող խնդիրների պարզաբանումները՝ հատկապես բյուջեի ձևավորման գործում իրենց դերակատարությունը բարձրացնելու հարցում: Նա հորդորել է համայնքային ավագանիների հետ քննարկել բյուջեի կազմման հարցերը, ուշադիր լինել տեղական տուրքերի գանձման ուղղությամբ, որպեսզի սեփական բյուջեի մուտքերը ավելանան և հնարավոր լինի համայնքային հարցերը լուծել առանց պետական դոտացիաների:

Արթուր Աղաբեկյանը, ներկաներին տեղեկացնելով մի շարք համայնքներում սանմաքրման ուղղությամբ իրականացվող փորձնական ծրագրերի մասին, հորդորել է կարգավորել իրենց բնակավայրերի սանիտարական դրությունը, հատուկ աղբատեղեր ունենալ և հետևել աղբահանության ընթացքին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում