Բաքվում Ռուբեն Վարդանյանը ընդգծել է՝ որեւէ հանցանք չի գործել ու պահանջել իրական դատավարություն

Բաքվում Ռուբեն Վարդանյանը ընդգծել է՝ որեւէ հանցանք չի գործել ու պահանջել իրական դատավարություն

Շինծու գործով Բաքվի ռազմական դատարանում փետրվարի 17-ի տեղի ունեցած ունեցած վեցերորդ լսումների ժամանակ Ռուբեն Վարդանյանը հայտարարել է, որ որեւէ հանցանք չի գործել եւ հերթական անգամ ուշադրություն հրավիրել շարունակվող աղաղակող խախտումների վրա։

«Փաստինֆո»-ն պաշտպանական կողմից տեղեկանում է, որ նիստը կրկին անցկացվել է գաղտնի և դռնփակ։

Դատավարության կարևորագույն դրվագները.

– Ռուբեն Վարդանյանի պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատական կոլեգիայի բացարկի մասին՝ դատավարական մտահոգություններից ելնելով։ Ի պատասխան՝ մեղադրող կողմը պնդել է, որ միջնորդությունն ապացուցողական հիմքեր չունի։ Դատարանը միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ ապացույցների անբավարար լինելու պատճառաբանությամբ։

Դատարանը պաշտպանական կողմին հարցեր է ուղղել առ այն, թե «Ինչու՞ են պահանջում կոնֆիդենցիալ հանդիպումներ նիստերի ժամանակ, ոչ թե նախապես, ինչին ի պատասխան պաշտպանության կողմը նշել է՝ «Բանտի աշխատակիցները մերժում են փաստաբանի մուտքը լսումներից առաջ՝ առանց դատարանի ուղիղ թույլտվության»:

Դատարանը նաեւ հետաքրքրվել է, թե ինչու՞ է մերժվել դատական արձանագրություններին ծանոթանալու հնարավորությունը, ինչի կապակցությամբ փաստաբանը պարզաբանել է, որ առաջարկը եղել է նիստից ընդամենը 10 րոպե առաջ, ինչն անընդունելի է։

Նիստում ավարտվել է մեղադրական եզրակացության հրապարակումը, ինչից հետո դատարանը ընթերցել է բոլոր մեղադրանքները և յուրաքանչյուր հոդվածի համար նախատեսված հնարավոր պատիժները։

Այնուհետև դատարանը Վարդանյանին հարցրել է՝ արդյոք նա իրեն մեղավոր համարո՞ւմ է։ Առաջարկվել են երեք հնարավոր պատասխաններ՝ «Այո՛, ես ինձ մեղավոր եմ համարում», «ես ինձ մասամբ եմ մեղավոր համարում», «ես ինձ մեղավոր չեմ համարում»։

Մինչև պատասխանելը՝ Ռուբեն Վարդանյանը խնդրել է փաստաբանի հետ կոնֆիդենցիալ առանձնազրույց ունենալ։
Այնուհետև Ռուբեն Վարդանյանը հանդես է եկել ծավալուն ելույթով՝վերահաստատելով, որ ոչ մի հանցանք չի գործել, ընդգծել իրական դատական գործընթացի անհրաժեշտության մասին, այլ ոչ թե այնպիսի դատական գործընթացի, որը լի է դատավարական աղաղակող խախտումներով:

Ուշադրություն է հրավիրել, որ չի ստացել ստորագրված մեղադրական եզրակացությունը ո՛չ դատախազից, ո՛չ քննիչից, ո՛չ էլ թարգմանչից։ Շեշտել է, որ իրեն հասանելի չեն գործի նյութերնու պատշաճ թարգմանությունը: Հայտարարել է, որ չի կարող պատասխանել դատարանի հարցին՝ իր գործում առկա դատավարական լուրջ խախտումների, ինչպես նաև մեղադրական եզրակացության էությունը հասկանալու անկարողության պատճառով, քանի որ ինքը հնարավորություն չի ունեցել պատշաճ կերպով ծանոթանալու դրան:

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Ռուբեն Վարդանյանը կրկին հայտարարել է հացադուլ, ինչի մասին հայտարարությունը փոխանցել է իր ընտանիքի անդամների միջոցով։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 25-ին

Հետևեք մեզ նաև Telegram-ում