Բաշար ալ Ասադը Չեչնիայի ղեկավարին հրավիրել է Սիրիա

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Instagram-ի իր էջում նշել է, որ Սիրիա այցելելու հրավեր է ստացել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադից:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նա նման հրապարակում կատարել է Սիրիայի մուֆթի Ահմադ Բադր ադ Դին Հասունի և Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիյադ Հիդադի հետ հանդիպումից հետո: Հրապարակման մեջ նշվել է, որ Ռիյադ Հիդադը նրան է փոխանցել Բաշար ալ Ասադի հրավերը: Դեսպանը Ասադի անունից երախտագիտություն է հայտնել Կադիրովին տարածաշրջանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ սկզբունքային դիրքորոշման համար: Հանդիպման ընթացքում Կադիրովը հայտարարել է, որ Արևմուտքը հակված է պատերազմի մեջ ներքաշել միլիոնավոր մուսուլմանների, որպեսզի նրանք ոչնչացնեն միմյանց:

Չեչնիայի նախագահի գրառման մեջ նաև նշվել է, որ Սիրիայի իշխանություններն ունեն Սիրիայում չեչեն ձերբակալվածների և սպանվածների ցանկը: Նախագահի խոսքով` նրանց մեծամասնությունն արևմտյան երկրների քաղաքացիներ են, որտեղ նրանք ծնվել են կամ ապրում են 20 տարի: Նման քայլի նպատակն է ողջ աշխարհին չեչենցիներին ներկայացնել որպես ահաբեկիչներ և ծայրահեղականներ` չնայած որ Սիրիայում ապստամբները մի քանի տասնյակ երկրների քաղաքացիներ են:

Հետևեք մեզ նաև Telegram-ում