Հոգեբանական թերապիա, կամ ի՞նչ «գաղափարներ» է կրում Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն

Հոգեբանական թերապիա, կամ ի՞նչ «գաղափարներ» է կրում Գյումրու քաղաքապետի ՔՊ թեկնածուն

Հոգեբանության մեջ հայտնի մեթոդ կա, երբ մարդուն օգնում են չխորշել սեփական թերություններից և վերածել դրանք առավելության։ Ասում են՝ աշխատող մեթոդ է, բայց, բնականաբար, ոչ բոլոր դեպքերում։ Լինում են թերություններ, որոնք պարզապես հնարավոր չէ առավելություն դարձնել։ Նման դեպքերում նույնիսկ այդպիսի փորձ էլ չի արվում։ Իհարկե, եթե հոգեբանն ինքն էլ չի տառապում հոգեկան խնդիրներով։

Թերություններն առավելության վերածելու այս մեթոդի մասին պատահական չհիշեցինք։ Նախօրեին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ով հանրության որոշ շերտերին ավելի հայտնի է «Դդում» մականվամբ, որոշել է «դուխ տալ» գյումրեցիներին և կոչ անել նրանց առաջիկայում տեղի ունենանալիք համայնքապետի ընտրություններում քվեարկել ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի օգտին։ Նաև որոշ «պատճառներ» է նշել, թե հատկապես ինչու պետք է նման անմիտ որոշում կայացնեն։ Դասական հոգետերապիա, որի մասին քիչ խոսում էինք։

Ասում է. «Սարիկ Մինասյանը Հեղափոխության գաղափարների կրող մարդ է»: Այդ որո՞նք են Արայիկ Հարությունյանի նշած «Հեղափոխության գաղափարները»։ Ալիևի պահանջով ՀՀ Սահմանադրություն փոխե՞լը։ Թե՞ ամեն ասված խոսքի համար մարդկանց քրեական հետապնդման ենթարկելը։ Իսկ միգուցե հարկերի կրկնակի բարձրացու՞մն է «Հեղափոխության գաղափարը», թե՞ բոլորին աջ ու ձախ տուգանելը։ Էլ չենք խոսում Արցախը հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքի զիջման, օտար ուժեր ՀՀ տարածք բերելու և «Հեղափոխության» այլ «գաղափարների» մասին։ Սրանց կրո՞ղն է Սարիկ Մինասյանը։ Այս հանգամա՞նքն է Արայիկ Հարությունյանը փորձում ՔՊ թեկնածուի առավելություն դարձնել։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը խիստ գերագնահատում է հոգեբան լինելու իր ունակությունները։ Դեմ չենք՝ թող փորձի։ Մանավանդ, այդկերպ նա միայն վնասում է ՔՊ թեկնածուին, որը հիմա ամեն ինչ կտար իշխանական ռեսուրսներից օգտվելու, բայց իշխանությունների հետ որևէ կերպ չասոցացվելու համար։

Միայն իրականության հետ կապը կորցրած էակը՝ Հայաստանի ու հայ ժողովրդի գլխին բերած այսքան աղետներից հետո կարող է մտածել, որ դուխով ՔՊ թեկնածու ընտրելը նորմալ կոչ է։ Ակնհայտ է՝ հոգեբանի կարիք հենց ինքը՝ Արայիկ Հարությունյանը ունի։ Բայց ի՞նչ կարող է անել հոգեբանը։ Ծանր դեպք է։ Այստեղ հոգեբուժն էլ անզոր կլինի, անգամ նույնիսկ եթե չգարշի մոտենալ «Հեղափոխության գաղափարների» մասին մարմաջող Արայիկ Հարությունյանին ու նրա սրտի թեկնածու Սարիկ Մինասյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում