Սիրիայի և Իրաքի քրդերը Քոբանիում ԻՊ-ի 43 անդամների են ոչնչացրել

Քրդական ինքնապաշտպանական ուժերը իրաքյան բեշմերգի կոչվող ուժերի հետ առաջին համատեղ գործողություններն են իրականացրել «Իսլամական պետության» դեմ սիրիական Քոբանի քաղաքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, ռազմական գործողությունների արդյունքում ԻՊ-ի 43 անդամներ են սպանվել: Քրդական ուժերի ղեկավարներից մեկը նշել է, որ բեշմերգի ուժերը հրետանի են օգտագործել ԻՊ-ի դեմ. ծայրահեղականները վնասներ են կրել և սկսել նահանջել:

Աղբյուրը նաև տեղեկացնում է, որ թուրք-սիրիական սահմանի մերձակայքում, Մանբաջ բնակավայրի մոտ ուժեր են կենտրոնանում, ինչը նշանակում է, որ զինված ծայրահեղականները չեն հրաժարվել Քոբանին գրավելու իրենց մտադրությունից և չեն պատրաստվում դադարեցնել հարձակումները: Թեժ մարտերը շարունակում են ընթանալ Կանե Քուրդ շրջանում:

Միջազգային դաշինքն իր հերթին ռմբակոծում է ԻՊ-ի դիրքերը: 24 ժամվա ընթացքում Քոբանիի և մերձակա շրջանների ուղղությամբ 7 օդային հարված է հասցվել: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարության տեղեկություններով, ոչնչացվել են ծայրահեղականների 5 հենակետերը և մի քանի տրասնպորտային միջոցներ:

Ավելի վաղ զրահամեքենաների ուղեկցությամբ սիրիական Քոբանի քաղաք էր մտել բեշմերգի ուժերի շուրջ 20 բեռնատարների շարասյունը:

Քոբանի քրդաբնակ քաղաքն ավելի քան 40 օր է, հայտնվել է ԻՊ-ի թիրախում: Ահաբեկչական կազմակերպությունը փորձում է հսկողություն հաստատել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող քաղաքի վրա: Շարունակվող բախումների զոհ է դարձել ավելի քան 800 մարդ, որոնցից 481 ԻՊ-ի անդամներ են, 302-ը՝ քրդական ուժերի ներակայուցիչներ, իսկ 21-ը՝ խաղաղ քաղաքացիներ: Նշված վիճակագրական տվյալների մեջ չեն ներառվել օդային հարվածների հետևանքով զոհերը: Քաղաքի և մերձակա գյուղերի մոտ 300 հազար բնակիչներ ստիպված հեռացել են իրենց տներից: Նրանցից մոտ 180 հազարը փախուստի է դիմել Թուրքիա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում