Կանադայում սկսել են դարակներն ազատել ամերիկյան ալկոհոլից

Կանադայում սկսել են դարակներն ազատել ամերիկյան ալկոհոլից

Ի պատասխան ԱՄՆ-ի կողմից կանադական արտադրանքի համար 25% մաքսատուրքերի սահմանման` Կանադայի մի շարք նահանգներ դադարեցնում են ամերիկյան ալկոհոլի վաճառքը: Այս մասին հայտնել են շրջանների ղեկավարները, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այսօրվանից LCBO խանութների ցանցը կսկսի ամերիկյան արտադրանքն իր խանութների դարակներից հանել։ Ամերիկյան ապրանքանիշերն այլևս հասանելի չեն լինի LCBO կատալոգներում։

Նահանգի շատ այլ մանրածախ խանութներ, բարեր և ռեստորաններ այլևս չեն կարողանա վաճառել ամերիկյան արտադրանքը»,-ասել է Օնտարիոյի նահանգապետ Դագ Ֆորդը։ Տարածաշրջանի ղեկավարը նշել է, որ ամերիկյան ընկերությունների կորուստները կկազմեն «տասնյակ միլիարդավոր դոլարներ»։

ԱՄՆ-ից ալկոհոլի վաճառքի արգելքի մասին հայտարարել է նաև Նոր Շոտլանդիայի նահանգապետ Թիմ Հյուսթոնը։ «Մենք Nova Scotia Liquor Corporation-ին կարգադրություն կտանք այսօրվանից սկսած կրկին վաճառասեղաններից հանել ԱՄՆ-ի ամբողջ ալկոհոլը»,-գրել է նա X-ում:

Ամերիկյան ոգելից խմիչքների նկատմամբ համանման սահմանափակող միջոցների մասին հայտարարել են Բրիտանական Կոլումբիա, Մանիտոբա, Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Էդվարդ արքայազն կղզու և Նյու Բրանսուիկի շրջանների ղեկավարները:

Մարտի 4-ին ԱՄՆ վարչակազմը 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանել Կանադայից և Մեքսիկայից գրեթե բոլոր ներկրումների համար, Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը 10%-ից բարձրացրել է մինչեւ 20%։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դրանից հետո հայտարարել է, որ Միացյալ Նահանգները առևտրային պատերազմ է սկսել Կանադայի դեմ, ուստի Օտտավան պատասխան տուրքեր է սահմանել Վաշինգտոնի դեմ: Նրա խոսքով՝ Կանադան 25%-ի չափով մաքսատուրքեր է սահմանում ամերիկյան ապրանքների համար, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 155 մլրդ Կանադական դոլար (107,4 մլրդ դոլար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում