Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ ու անկախ են, քան դուք՝ այստեղ. Օսկանյան

Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում ավելի ազատ ու անկախ են, քան դուք՝ այստեղ. Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ելույթ ունենալով իր ֆեսբուքյան հարթակում, ասել է, որ իրենց դիրքերը պահպանելու կամ անգործությունը թաքցնելու համար Հայաստանի իշխանություններն ուզում են Բաքվում պահվող մեր գերիների հարցը ներքաղաքական խնդրի վերածել։

«Մեզ համար առաջնային պետք է լինի այդ տղաներին հայրենիք վերադարձնելու հարցը։ Վերջին շրջանի փոքր ակտիվությունը, ԱԳՆ հայտարարությունը կամ Ժնևում ԱԳ նախարարի ինչ-որ ակնարկ անելն այս հարցին, բավարար չեն։ Մեկուկես տարի է՝ այդ տղաները Բաքվի բանտում են, և Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն արել»,-ասել է Օսկանյանը։

Նա ասել է, որ Մալթայում՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդին, ՀՀ արտգործնախարարն իր 10 րոպեանոց ելույթում մի բառ չասաց Արցախի և գերիների վերադարձի մասին։ Դա մեծ հնարավորության կորուստ էր, իսկ այնտեղ 56 նախարար էր նստած։

«Դու այդ ատյանում լռել ես ու հիմա եկել ես ԱԺ ամբիոնից հոխորտում ու մարդկանց ես քննադատում, դու ընդհանրապես խոսելու իրավունք չունես։ Չունեի՞ր այդ համարձակությունը, թե՞ մտքովդ չէր անցնում, թե՞ քեզ թույլ չէին տալիս։ Բակո Սահակյանը Բաքվի բանտում ճնշման ներքո ասել է, թե սա մեր ինքնորոշման պայքարն է եղել և օրինական է եղել։ Բակո Սահակյանը և մյուսները Բաքվի բանտում շատ ավելի ազատ ու անկախ են, քան դուք՝ ձեր ողջ իշխանությամբ՝ այս արևի տակ։ Դուք անկախ չեք, համարձակ չեք, վախկոտ եք»,-ասել է Վարդան Օսկանյանը։

Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի բանալին, ըստ Օսկանյանի, Հայաստանի իշխանությունների ձեռքին է, Փաշինյանի ձեռքին է․ «Փաշինյանը ոչ թե հիմա պետք է կանգնեցնի բոլոր բանակցություններն Ադրբեջանի հետ, այլ դա վաղուց արած պետք է լիներ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում